ՄԵՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

(«Մուտք գործելով Աստծո ներկայության մեջ» գրքից)

Դերեկ Պրինս

poster (1)Գոյություն չունի քարացած երկրպագություն: Չկա այնպիսի մի երկրպագություն, որին չարձագանքի մեր մարմինը: Երկրպագությունը շարունակական ակտիվ գործողություն է: Ես արտոնություն եմ ունեցել կարդալ Աստվածաշունչը թե՛ Եբրայերեն (Հին Կտակարանը) և թե՛ հուներեն (Նոր Կտակարանը) լեզուներով: Որոշ ժամանակ առաջ ես որոշեցի ուսումնասիրել այն բառերը, որոնք այդ երկու լեզուներում նշանակում են երկրպագություն: Անելով սա` ես մի բան հատնաբերեցի, որը զարմացրեց ինձ և ձևափոխեց երկրպագության վերաբերյալ իմ պատկերացումները: Ես հայտնաբերեցի, որ երկրպագությունը պատկերող յուրաքանչյուր բառ պատկերում է նաև մարմնի դիրք` առանց որևէ բացառության: Ես ձեզ որոշ օրինակներ ցույց կտամ` սկսած գլուխը խոնարհելուց մինչև մարմնի ստորին հատվածները:

Գլուխը

drought-24Ծննդոց 24-ում Աբրահամի ծառան ուղարկվում է Միջագետք` Աբրահամի որդի Իսահակի համար հարսնացու փնտրելու նպատակով: Ծառան չգիտեր, թե ուր է գնում և թե ում է հանդիպելու: Ծառան չգիտակցելով` Տիրոջ կողմից ուղղորդվում է Աբրահամի եղբոր ընտանիք: Այդ ժամանակներում հեռավոր բարեկամների մեջ հարսնացուներ փնտրելու սովորություն կար: Եվ այսպես, երբ ծառան գիտակցեց, որ այդ անձը` Ռեբեկան, որին նա հանդպիպեց, Աբրահամի բարեկամն էր, Աստվածաշունչն ասում է. «Մարդը խոնարհվեց (գլուխը խոնարհեցրեց) և Եհովային երկրպագություն արեց» (Ծննդոց 24:26):
Այնուհետև, Ելից գրքում մենք տեսնում ենք Մովսեսի և Ահարոնի վերադարձն անապատից, երբ նրանք Իսրայելի գերված ժողովրդին խոսք բերեցին այն մասին, որ Աստված վայր է իջել և որոշել է ազատել նրանց եգիպտացիների ձեռքից: Այն բանից հետո, երբ նրանք փոխանցեցին այս պատգամը ժողովրդի առաջնորդներին, կարդում ենք. «Եվ ժողովուրդը հավատաց և լսեցին, թե Եհովան այցելություն է արել Իսրայելի որդիներին և թե նրանց նեղությունները տեսել է և խոնարհվեցին (խոնարհեցրին գլուխները) և երկրպագություն արեցին» (Ելից 4:31):
Որոշ դեպքերում ֆիզիկական այլ դիրքերը հնարավոր է դժվար լինեն կիրառելու համար, սակայն հազվադեպ լինի այնպիսի վիճակ, երբ դուք չկարողանաք խոնարհեցնել ձեր գլուխը: Օրինակ, երբ Հռութն ու ես ճաշում ենք ռեստորանում, մենք գրեթե միշտ գոհության կարճ աղոթք ենք անում: Այս դեպքում մեզ համար դժվար կլինի ծնկի գալը կամ էլ երեսնիվայր ընկնելը, սակայն գլխի խոնարհումը մի բան է, որը կարելի է գրեթե ամենուր անել: Ես կքաջալերեմ ձեզ, երբ հաջորդ անգամ գոհանաք ձեր կերակուրի համար, ձեր գլուխն ուղղաձիգ դիրքով մի՛ պահեք, խոնարհեցրե՛ք այն: Այն իսկապես մեծ փոփոխություն է բերում Աստծո հետ ունեցած ձեր հարաբերությունների մեջ: Սա մի պարզ, սակայն կարևոր գործողություն է:

Ձեռքերը

Hands_Header

Աշխարհի մեծագույն երկրպագուներից մեկը Դավիթն էր: Նա երկրպագությունը խորհրդանշող ձեռքերի երկու դիրք փոխանցեց մեզ: Սաղմոս 63-ը սկսվում է այս հրաշալի խոսքերով.
«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը, վաղ առավոտից ես Քեզ եմ փնտրելու. հոգիս Քեզ է ծարավում, ու մարմինս Քեզ է փափագում չոր ու ծարավուտ վայրում, ուր ջուր չկա»:
Սաղմոս 63:1
Դավիթը Հուդայի անապատում էր գտնվում, երբ Տիրոջը բարձրացրեց այս աղոթքը: Այնուհետև նա գրում է.
«Որովհետև Քո գթասիրությունը կյանքից ավելի լավ է, իմ շրթունքները Քեզ պիտի փառաբանեն: Այսպես պիտի օրհնեմ Քեզ իմ կյանքի ընթացքում, Քո անունով ձեռքերս վեր պիտի բարձրացնեմ»:
Սաղմոս 63:3-4
Տիրոջ անունով ձեր ձեռքերը վեր բարձրացնելը երկրպագության մի ակտ է, որը շատ անգամ է նկարագրված Աստվածաշնչում:
Սաղմոս 141:2-ում Դավիթը նկարագրում է ձեռքերի այս նույն դիրքը. «Թող իմ աղոթքը խնկի պես համարվի Քո առջև, և իմ ձեռքերի բարձրացնելը` իրակնային զոհաբերության պես»:
Խունկը մեզ հուշում է երկրպագության մասին: Տաճարում երկու անգամ էին զոհ մատուցում` առավոտյան և երեկոյան: Դավիթն Աստծուն խնդրում էր, որ իր ձեռքերի վեր բարձրացումը երեկոյան պատարագի պես համարվի:
Այնուհետև` 143 սաղմոսում, Դավիթը նկարագրում է ձեռքերի մեկ այլ դիրք. «Ձեռքերս դեպի Քեզ եմ տարածում. իմ անձը, ինչպես ճաքճքած հողը, ծարավի է Քեզ» (Սաղմոս 143:6): Ուշադրություն դարձրեք այն լեզվին, որով Դավիթն արտահայտում է իր փափագն Աստծո հանդեպ:
Ես կարծում եմ` տարբերություն կա ձեռքերը բարձրացնելու այս երկու նկարագրության մեջ: Երբ բարձրացնում եք ձեր ձեռքերը, ընդունում եք Աստծո մեծությունն ու ինքնիշխանությունը: Երբ տարածում եք ձեր ձեռքերը, բացվում եք` ընդունելու համար:
Մեկ անգամ, երբ Հռութն ու ես Հոլանդիայում մի ժողովի մեջ էինք գտնվում, Հռութը տարածեց իր ձեռքերն այն ժամանակ, երբ մենք, իրոք, հրաշալի երկրպագություն էինք վայելում: Այնուհետև նա ասաց ինձ. «Իմ ձեռքերն այնքան ծանրացան, որ այլևս չկարողացա դրանք վեր պահել»: Փառք բառը երբրայերենում ծանրություն բառն է, որը հնչում է այսպես. խևեդ, խևրոն: Ես ասացի նրան. «Աստված Իր փառքն է դնում քո ձեռքերի մեջ»:
Ես սա ասում եմ ձեզ այն նպատակով, որ տեսնեք, թե Աստված որքան իրական է վերաբերում մեր մարմիններին: Մենք պարզապես անմարմին հոգիներ չենք` երկնքում սավառնող, մենք մարդիկ ենք, ովքեր ապրում են շատ իրական, ֆիզիկական մարմիններում: Եվ Աստված ցանկանում է ամբողջովին վերահսկել մեր մարմինը երկրպագության ժամանակ:
Ձեռքերի` երկրպագության ժամանակ մասնակցության ևս մեկ գործողություն կա, որը ես սիրում եմ. «Ծա՛փ զարկեք, բոլոր ժողովուրդներ, հաղթանակի ձայնով աղաղակեցե՛ք Աստծուն» (Սաղմոս 47:1): Երբ ծափահարում ենք, երկրպագում ենք Աստծուն: Երկրպագությունը խստասիրտ և քարացած մի դիրք չէ, այն ներառում է ողջ մարմնի մասնակցությունը:

Ծնկները

bowing (1)Մեկ այլ անձնավորություն, ով տարածեց իր ձեռքերը դեպի Տերը, Սողոմոն թագավորն էր, երբ նա նվիրաբերում էր իր կառուցած տաճարը: Սակայն Սողոմոնը մի քայլ առաջ անցավ: Նա պարզապես չտարածեց միայն իր ձեռքերը, այլև մուտք գործեց երկրպագության հաջորդ դիրքի մեջ.
«Եվ նա կանգնեց Տիրոջ սեղանի առաջ, Իսրայելի բոլոր ժողովրդի առաջ և իր ձեռքերը տարածեց (որովհետև Սողոմոնը մի պղնձե ամբիոն էր շինել և նրան դրել գավիթի մեջտեղը… և նա կանգնեց նրա վրա և իր ծնկները կրկնեց Իսրայելի բոլոր ժողովրդի առաջ և իր ձեռքերը տարածեց դեպի երկինք)»:
1-ին Մնացորդաց 6:12-13
Դանիելի գրքի մեջ մի պատմություն կա, ըստ որի Դարեհ թագավորը հրաման է արձակում, թե ովքեր իրենից բացի այլ մեկին աղոթեն, գցվեն առյուծների գուբը: Ահա թե ինչպիսին էր Դանիելի արձագանքը թագավորի գրավոր հրամանի հանդեպ.
«Եվ երբ որ Դանիելն իմացավ, թե հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը, և իր վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ, և օրը երեք անգամ նա ծնկների վրա էր գալիս և աղոթք էր անում և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ էլ այդպես էր անում»:
Դանիել 6:10
Դանիելն աղոթքի ժամանակ դեպի Երուսաղեմ ծնկի գալու մշտական սովորություն ուներ (հրեաները մինչև այսօր էլ, աշխարհի որ մասում էլ գտնվելիս լինեն, աղոթքի ժամանակ իրենց երեսն ուղղում են դեպի Երուսաղեմ): Այսպիսով, երկուսն էլ` Սողոմոնն ու Դանիելը, աղոթքի ժամանակ ծնկի էին գալիս:
Այնուհետև Եփեսացիներին գրված նամակում Պողոսն ասում է.
«Սրա համար իմ ծնկները ծալում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ»:
Եփեսացիներին 3:14
Երբ Պողոսն աղոթում և երկրպագում էր, սովորաբար ծալում էր իր ծնկները: Ձեր կողմից ծնկներ ծալելը բացարձակ հնազանդության գործողություն է, ինչն անչափ կարևոր է: Ես տեսել եմ շատ քրիստոնյաներ, ովքեր ամբողջովին նվիրված չեն եղել Աստծուն: Նրանք հնազանդվում են այն ժամանակ, երբ Աստված նրանց ուզածն է անում, սակայն, երբ Աստված նրանց ցանկություններից դուրս որևէ այլ բան է կատարում, բողոքում են, վիճաբանում և տխրում:
Բանալի բառերից մեկը, որը կարիք ունենք այսօր սովորել, ինքնիշխանն է: Դուք այս բառն այսօր շատ չեք լսի, սակայն սա փաստ է Աստծո վերաբերյալ: Նա բացարձակ ինքնիշխան է: Ես այն հետևյալ կերպ կսահմանեմ. Աստված անում է, ինչ ուզում է, երբ ուզում է, ինչպես ուզում է և Նա որևէ մեկի թույլտվությունը չի հարցնում: Որքան շուտ հաշտվեք այս փաստի հետ և խոնարհեցնեք ձեր ծնկները, այնքան ձեզ համար հեշտ կլինի հաղթական քրիստոնեական կյանք վարել: Աստված մեր կյանքում այնպիսի բաներ է անում, որոնք երբեմն չենք սպասում Նրանից: Գուցե ձեզանից ոմանք ձեր ներսում որոշակի դժգոհություն եք թաքցնում Աստծո հանդեպ: Շատ զգույշ եղեք, որ Աստծո հանդեպ դժգոհ չլինեք:
Ծնկի գալը երկրպագության մի գործողություն է: Ապագայում, ինչ որ առումով, բոլորն էլ ծնկի են գալու: Սակայն դուք կարող եք չսպասել այն պահին, երբ բոլորը ստիպված կկատարեն այդ գործողությունը, ավելի լավ է ինքնակամ անեք դա:
«Ինձանով երդում արեցի…, որ ինձ պիտի կրկնվի ամեն ծունկ, և ամեն լեզու երդում անի»:
Եսայա 45:23
Մի որոշված ժամանակ Աստված տիեզերքի բոլոր արարածներին կստիպի, որ իրենց ծնկների վրա ընդունեն Նրա բացարձակ Ինքնիշխան լինելը: «…պիտի կրկնվի ամեն ծունկ»: Փիլիպպեցիներին գրված նամակում Պողոսը մասնավորեցնում է, թե տիեզերքը ում առաջ է ծնկի գալու.
«Դրա համար էլ Աստված շատ բարձրացրեց Նրան և մի անուն շնորհեց Նրան, որ ամեն անունից ավելի բարձր է: Որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ»:
Փիլիպպեցիներին 2:9-10

Երեսնիվայր ընկնելը

humbleԱյժմ մենք մոտեցանք Աստվածաշնչում ամենաշատ կիրառվող նկարագրությանը` Աստծո առաջ երեսնիվայր ընկնելը: Սա իր մեջ հատուկ իմաստ է պարունակում: Այն նշանակում է Աստծուց ամբողջական կախվածություն, այսինքն. «Տե՛ր, առանց քեզ ես ոչինչ չեմ կարող անել: Ես անգամ չեմ կարող որևէ բան սկսել»: Ինչպես մեկ անգամ ասել է Ջոն Բունյանը.

Եթե ներքևում ես, անկումից չվախենաս,

Ցածում չկա հպարտություն:

Երբ իսկապես խոնարհ լինես,

Աստված կտա քեզ ուղղություն:

Երբ երեսնիվայր պառկած եք հատակին, ապա դուք գտնվում եք ամենացածր դիրքում: Այդտեղից միայն մեկ ելք կա` դեպի վերև:
Ծննդոց 17 գլխում Աստված երկու անգամ հայտնվում է Աբրահամին: Սա անչափ կարևոր գլուխ է, քանի որ Աստված հավիտենական ուխտ է հաստատում Աբրահամի և նրա սերունդի հետ, որով կլինի նրանց Աստվածը և Միջերկրական ծովի արևելյան ափի մի հատվածը կտա նրանց` որպես հավիտենական ժառանգություն: Այսպիսով, երբ Տերն առաջին անգամ հայտնվեց Աբրահամին (կամ Աբրամին, ինչպես նա անվանվում էր այդ ժամանակ), ասաց.
«Ես եմ Ամենակարող Աստվածը. Իմ առջև վարվի՛ր և կատարյալ եղի՛ր: Եվ Ես Իմ ու քո մեջտեղը Իմ ուխտը կդնեմ և քեզ խիստ շատ կշատացնեմ: Եվ Աբրամն իր երեսի վրա ընկավ»:
Ծննդոց 17:1-3
Ավելի ուշ նույն գլխում կարդում ենք.
«Եվ Աստված ասաց Աբրահամին.
-Քո կնոջ` Սարայի անունը, Սարա չասես, այլ Սարրայ է նրա անունը: Եվ նրան կօրհնեմ, նաև նրանից մի որդի կտամ քեզ. և կօրհնեմ նրան, և նա ազգեր կլինի, ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից:
Եվ Աբրահամը երեսի վրա ընկավ և ծիծաղեց»:
Ծննդոց 17:15-17
Անհավանակա՛ն է: Ինչպես կարող էր Տերը նման բան ասել Սառայի վերաբերյալ, ով բավականին ծեր էր` զավակ պարգևելու համար: Սակայն ճիշտ ժամանակին այն տեղի ունեցավ: Աբրահամը 17-րդ գլխում մի կարևոր բան սովորեց. նա երկու անգամ հայտնվեց Աստծո առաջ երեսնիվայր դիրքում:
Ղևտացիների մեջ տեսնում ենք մարդկանց կողմից երեսնիվայր ընկնելու մեկ այլ օրինակ.
«Եվ Եհովայի առաջից կրակ դուրս եկավ և այրեց սեղանի վրայի ողջակեզը և ճարպերը. և բոլոր ժողովուրդը տեսնելով` աղաղակեցին և իրենց երեսների վրա ընկան»:
Ղևտացիներին 9:24
Իրականում ես չեմ հավատում, որ եթե անգամ նրանք փորձ էլ անեին, միևնույն է, չէին կարող կանգնել ոտքերի վրա: Նրանք Աստծո` Սուրբ Հոգու անմիջական ներկայության մեջ էին: Այնուհետև կարդում ենք Թվոց գրքում.
«Եվ Մովսեսն ու Ահարոնը ժողովքի առաջից գնացին դեպի ժողովքի դուռը և իրենց երեսների վրա ընկան, և Եհովայի փառքը նրանց երևաց»:
Թվոց 20:6
Մենք շարունակում ենք նայել աստվածաշնչյան օրինակներին: Հեսուն երեսնիվայր ընկավ, երբ Տիրոջ բանակի հրամանատարը հայտնվեց նրան (տե՛ս Հեսու 5:14): Երբ Եղյան կրակ իջեցրեց Կարմեղոս լեռան վրա գտնվող զոհասեղանին, ողջ ժողովուրդը տեսավ, և վայր ընկան իրենց երեսների վրա և ասացին. «Եհովա՛ն է Աստված, Եհովա՛ն է Աստված» (3-րդ Թագավորաց 18:39): Ոչ ոք կանգնած չմնաց: Ահա սա է Աստծո ներկայության հանդեպ արձագանքը: Եզեկիելի մարգարեության մեջ կարդում ենք.
«Ծիածանի կերպարանքի նման, որ լինում է ամպի մեջ անձրևային օրվա ընթացքում, այնպես էր այն պայծառության կերպարանքը շուրջբոլորը: Սա Տիրոջ փառքի նմանության կերպարանքն էր. և ես տեսա ու վայր ընկա երեսի վրա, և մի ձայն լսեցի, որ խոսում էր»:
Եզեկիել 1:28
Եթե որևէ մարդ երբեք երեսնիվայր դիրքում չի եղել Աստծո առաջ, ապա հարց է առաջանում, թե արդյոք նման մարդը երբևէ եղե՞լ է Աստծուն մտերիմ: Դուք կարող եք ուսումնասիրել ողջ Աստվածաշունչը և կհայտնաբերեք, որ Գրքում չկա Աստծո որևէ իրապես մեծ մարդ, ում մասին թեկուզ մեկ անգամ գրված չլինի, որ նա Աստծո առաջ երեսնիվայր ընկել է: Ես երկրպագության այս դիրքը կիրառել եմ ոչ թե որպես օրինապահություն կամ արարողակարգ, այլ ապահովության կարիքից ելնելով: Ես հայտնաբերել եմ, որ ինձ համար ամենաապահով վայրն այն է, երբ Աստծո առաջ երեսնիվայր դիրքում եմ գտնվում:

Պարը Տիրոջ առաջ

6a00e55043abd0883401127963661d28a4-320wiՊաշտամունքի ևս մեկ գործողություն կա, որը նկարագրված է Աստվածաշնչում: 2-րդ Թագավորաց գրքում Դավթին վերջապես հաջողվում է տապանակը փղշտացիների գերությունից վերադարձնել Երուսաղեմ և ապահովության մեջ պահպանել: Ճանապարհին որոշ խնդիրներ եղան: Աստված սպանեց տեղափոխող առաջին անձնակազմին, և դրանից բոլորը պետք է մեկ դաս սովորեին. միայն ղևտացիներին էր թույլատրված դիպչել տապանակին:
Վերջիվերջո, ուղեկցվելով բազմազան երաժշտությամբ, տապանակը տեղադրվում է Երուսաղեմում, և Աստվածաշունչն հիշատակում է.
«Եվ Դավիթը Տիրոջ առաջ պարում էր բոլոր ուժով: Եվ Դավիթը քթանից եփուդ էր հագել»:
2-րդ Թագավորաց 6:14
Եփուդը հատուկ մի զգեստ էր, որը որոշ իմաստով ձեզ քահանա էր դարձնում: Եվ Դավիթը Տիրոջ առաջ պարում էր բոլոր ուժով: Դավիթը մեծ մարդ և զորավոր պատերազմող էր, այնպես որ, երբ խոսքն ասում է, որ նա պարում էր իր ողջ ուժով, չեմ կարծում, որ իր մարմնի մեջ որևէ մկան լիներ, որ չշարժվեր: Ես պատկերացնում եմ, թե նա ինչպես կարող էր վեր ու վար ցատկոտել` ամբողջովին տրված լինելով իր պաշտամունքին: Ահա սա է երկրպագությունը: Դուք երկրպագության մեջ ամբողջովին ազատ չեք, եթե ձեր ողջ մարմինը չի զգում այդ ազատությունը:
Սակայն այս պատմությունը մեկ այլ կողմ ունի.
«Եվ Դավիթը ետ դառավ իր տունը` օրհնելու համար: Եվ Սավուղի աղջիկը` Մեղքողը, դուրս եկավ Դավիթին դիմավորելու և ասաց.
-Իսրայելի թագավորն այսօր ի՜նչ փառավոր էր, որ այսօր իր ծառաների և աղախինների առաջ ինքնիրեն մերկացրեց, ինչպես որ դատարկ մարդկանցից մեկն իրեն մերկացնում է:
Եվ Դավիթը Մեղքողին ասաց.
-Այն Տիրոջ առաջ, որ ինձ քո հորից և նրա բոլոր տանից ավելի ընտրեց, և ինձ Տիրոջ ժողովրդի` Իսրայելի վրա իշխան կարգեց, այո՛, ես այդ Տիրոջ առաջ խաղացի (թարգմանչի կողմից` որոշ թարգամանություններում` երաժշտություն կնվագեմ): Եվ դեռ սրանից ավելի ինձ անարգ ցույց տալով` իմ աչքերի առաջ նվաստ պիտի լինեմ, իսկ այն քո ասված աղախինների առաջ պիտի փառավորվեմ»:
1-ին Թագավորաց 6:20-22
Այս հիշատակման վերջին խոսքը հետևյալն է ասում.
«Եվ Սավուղի աղջիկ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չծնեց»:
1-ին Թագավորաց 6:23
Ամբողջ պատճառն այն է, որ նա արհամարհեց իր ամուսնուն` Տիրոջ առաջ պարելու համար: Շատ ցավալի է, բայց նաև վտանգավոր քննադատել այն մարդկանց, ովքեր վայելում են Տիրոջը: Նրանք գուցե դրանում փորձառու չեն կամ էլ չունեն բարձրագույն կրթություն, սակայն դա Աստծուն դուր է գալիս: Նա ցանկանում է, որ մարդիկ վայելեն Իրեն: Այնպես որ զգույշ եղեք, որպեսզի չդատեք:
Կարևոր է Աստծուն երկրպագելու մեջ ներառել ողջ մարմինը: Հիսուսն ասաց, որ մենք պետք է երկրպագենք հոգով և ճշմարտությամբ (անգլ.` հոգու և ճշմարտության մեջ): Պողոսն ասաց. «Եվ ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը»: Հիշե՛ք թե ավելի վաղ ինչ սովորեցինք` լիարժեք անհատականությունը բաղկացած է հոգուց, շնչից, մարմնից: Դուք կարիք ունեք Աստծո հետ համապատասխանեցնել ձեր ողջ անհատականությունը և արձագանքել Աստծուն այնպես, ինչպես Նա է ցանկանում:

FacebookVKOdnoklassnikiGoogle+Blogger PostMail.Ru