ՀՈՒԼԻՍԻ 16. «ԳՏՆԵԼ ՄԵՐ ՏԵՂԸ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

Առակաց 27:28-ն ասում է. «Ինչպես որ իր բույնից թափառական եղած թռչունն է, այնպես է իր տեղից թափառական եղող մարդը»։ Երբևէ տեսե՞լ եք մի թռչուն, որ հեռանա իր բնից և չկարողանա կրկին վերադառնալ այնտեղ։ Ոչինչ ավելի անզոր ու խղճալի չէ, քան նա։ Այս պատկերը պատշաճորեն նկարագրում է, թե ինչ է նշանակում չլինել իր տեղում։ Շատ մարդկանց, ում հետ խորհրդատվություն եմ անցկացրել, ստիպված եմ եղել պարզապես ասելու. «Քո խնդիրներից մեկն այն է, որ դու պարզապես քո աշխարհագրական վայրում չես։ Սա այն վայրը չէ, որտեղ դու պետք է լինես։ Դու երբեք իրապես չես բարգավաճի, մինչև չգտնես քո տեղը»։

Ինչևէ, «քո տեղը» առաջին հերթին չի վերաբերում աշխարհագրական տեղանքին, այլ այն մի վայր է Աստծո մեջ, մի վայր՝ Քրիստոսի մարմնի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ մեզանից ամեն մեկը պետք է լինի մարմնի մեջ։ Որպես անդամ՝ յուրաքանչյուրս պետք է լինենք տվյալ անդամի ճիշտ տեղում։ Ձեռքը ոտքի վերջնամասում շատ ծիծաղելի է։ Ոտքն էլ ծիծաղելի տեսք կունենա, եթե լինի ձեռքի վրա։ Դու պետք է բացահայտես, թե ինչ անդամ ես, որպեսզի գտնվես քո պատշաճ վայրում։

«Աստված… մեզ փրկեց և սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերի համեմատ, այլ իր սահմանումի ու շնորհի համեմատ, որ Քրիստոս Հիսուսով մեզ տրվեց հավիտենական դարերից առաջ»։

2-րդ Տիմոթեոս 1:8-9

Սա մի ցնցող խոսք է՝ իր խորությամբ գրեթե անքննելի։ Ասում է, որ «Աստված փրկեց մեզ», սակայն այսքանով չի ավարտում։ Այնուհետև կետադրական ոչ մի նշան չկա. նա անմիջապես շարունակում է. «և… կանչեց»։ Փրկված լինել նշանակում է կանչված լինել։ Չկա մեկը, ով փրկված լինի, սակայն կանչված չլինի։
Բյուրավոր քրիստոնյաներ կան, ովքեր փրկված են, սակայն չգիտեն իրենց կոչումը։ Բայց սա չի նշանակում, որ նրանք կանչված չեն։ Երբ դու փրկվում ես, ապա փրկվում ես որևէ կոչման համար։ Դու խափանված ու անլիարժեք կլինես այնքան ժամանակ, մինչև որ գտնես ու իրագործես քո կոչումը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ Քո մարմնի անդամը դարձրիր։ Հռչակում եմ, որ ես գտնում եմ իմ տեղն ու կոչումը Քո մեջ։ Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։Ամեն։