ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24. «ԿՐԿՆԱԿԻ ՆՐԱՆԸ»

Իմ Հայրն է ստեղծել ինձ

Ահա մի առակ, որը, մեկ անգամ մի տեղաբնակ ցեղին պատմեցի՝ նկարագրելու այն գինը, որ Հիսուսը վճարեց մեր մեղքերից մեզ փրկելու համար։

Մի անգամ մի տղա կար, ով մի փոքրիկ փայտյա նավակ փորագրեց։ Մի օր նա իր նավակը տարավ օվկիանոս՝ նավարկելու, սակայն քամին փոխվեց և նրա նավակը քշեց դեպի ծովի խորքը։ Քանի որ տղան չկարողացավ հետ բերել իր նավակը, նա տուն գնաց առանց դրա։

Հաջորդ մեծ մակընթացությունը կրկին հետ բերեց նավակը, որը գտավ ծովափին զբոսնող մի մարդ։ Նա զննեց նավակը և տեսավ, որ այն շատ գեղեցիկ է պատրաստված։ Այսպիսով նա նավակը վաճառեց մի խանութպանի, ով էլ մաքրեց այն, դրեց պատուհանի ցուցափեղկին և գին ամրացրեց վրան, որ վաճառի։
Որոշ ժամանակ անց տղան այդ խանութի մոտով անցնելիս տեսավ իր նավակը։ Նա իսկույն ճանաչեց իր նավակը, սակայն ոչ մի կերպ չէր կարող ապացուցել, որ դա իրենն է։ Այսպիսով, եթե նա ուզում էր իր նավակը, ապա գիտեր, որ պետք է գներ այն։

Նա սկսեց այդ գումարը վաստակել՝ ավտոմեքենաներ լվանալով, մարգագետիններ հնձելով և այլ առաջադրանքներ կատարելով։ Երբ ի վերջը հավաքեց անհրաժեշտ գումարը, նա քայլերն ուղղեց դեպի խանութ և հետ գնեց իր նավակը։ Նա իր ձեռքը վերցրեց նավակը և այն իր կրծքին սեղմելով՝ ասաց. «Հիմա դու ի՛մն ես։ Ես ստեղծեցի քեզ և գնեցի քեզ»։

Ձեզ պատկերացրեք այդ նավակի փոխարեն։ Գուցե ինքդ քեզ անբավարար կամ անարժեք ես համարում. գուցե կասկածում ես, որ Աստված իսկապես հոգում է։ Սակայն Տերն ասում է քեզ. «Հիմա դու կրկնակի Իմն ես. Ես ստեղծեցի քեզ և գնեցի քեզ. դու ամբողջությամբ իմն ես»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Հռչակում եմ, որ ես կրկնակի Տիրոջն եմ, որովհետև Նա ստեղծեց ինձ և գնեց ինձ։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։