ՕԳՈՍՏՈՍԻ 1. «ԽՈՍՔԻ ԶԵՆՔԸ»

Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ

Այն փորձությունները, որ սատանան բերում է մեր դեմ, միանման մոդել ունեն։ Նախ նա փորձում է, որ մենք կասկածի տակ դնենք այն, ինչ Աստված է ասել. այն, որ մեր մեղքերը ներված են, որ Աստված իսկապես սիրում է մեզ, որ մենք Աստծո ընտանիքում ընդունվել ենք որպես Իր զավակներ, որ մենք ազատագրվել ենք անեծքից և որ մտել ենք օրհնության մեջ։ Բայց սատանայի գործելաոճի վերջնական հարվածն այն է, որ նա փորձում է անմիջական անհնազանդության տանել մեզ։

Սատանային հաղթելու համար Հիսուսը միայն մեկ զենք օգտագործեց՝ ռեման, կամ որ նույնն է՝ Աստծո ասված Խոսքը։ Յուրաքանչյուր փորձություն նա հաղթեց մեկ արտահայտությամբ. «Գրված է»։ (Տե՛ս, օրինակ, Մատթեոս 4:4,7,10): Դրանցից ամեն մեկը ուղղակի մեջբերում էր Հին Կտակարանից։ Աստծո Խոսքի հանդեպ սատանան ոչ մի պաշտպանություն չունի, եթե այն ուղղակի մեջբերվում է սատանայի դեմ։ Նա այլ ընտրություն չունի, քան միայն պարտված հետ քաշվելը։

Այս ամենի մեջ Հիսուսը մեր կատարյալ օրինակն է։ Նա ոչ թե վստահեց որևէ իմաստության կամ իր սեփական փաստարկներին, այլ գործածեց ճիշտ նույն զենքը, որ Աստված տվել է մեզ՝ Աստծո Խոսքը։ Մեր ապահովությունը կախված է Հիսուսի օրինակին հետևելուց։ Սատանան մեզանից հազարավոր անգամներ ավելի իմաստուն և ուժեղ է։ Նա կարող է մեր սեփական արդարության մեջ բյուրավոր արատներ ցույց տալ։ Սակայն կա մի զենք, որի դեմ նա պաշտպանություն չունի՝ հավատքով ասված Աստծո Խոսքը։

Այսպիսին է, ուրեմն, այն ուղին, որը մեզ դուրս կհանի անեծքներով ստվերացած տարածքից և կտանի մի վայր, որը լի է Աստծո օրհնությունների լույսով։ Սրա առաջին պայմանը անսասան հավատքն է՝ հիմնված այն փոխանակման վրա, որը տեղի ունեցավ խաչի վրա։ Այս տեսակ հավատքը Աստծո խոստումներն արդյունավետ են դարձնում յուրացման առաջին իսկ պահից։ Հարատև ու անխախտ հնազանդության և համբերատար երկայնամտության միջոցով մենք Քրիստոսի մեջ մեր օրինական իրավունքներից շարժվում ենք դեպի դրանք փորձառաբար ապրելու ամբողջական վայելքի մեջ։ Սատանայի բոլոր ընդդիմություններին մենք դիմակայում ենք «Հոգու սրով»՝ Աստծո ասված խոսքով (տե՛ս Եփեսացիներին 6:17)։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ընտրեցիր ինձ սիրով։ Ես հռչակում եմ, որ Աստծո խոսքով կդիմակայեմ սատանայի բոլոր փորձություններին ու ընդդիմություններին։ Հռչակում եմ, որ ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ։ Ամեն։