ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2. «ԱՂՈԹՔՈՎ ԲԱՐԻՆ ԽՆԴՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ»

Խաղաղությու՛ն խնդրեք Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»

Աստվածաշունչը հորդորում է մեզ, որ մեր աղոթքներով բարին խնդրենք Իսրայելի համար։ Արդյունավետ կերպով աղոթելու համար մեզ պետք է քննել, թե Սուրբ Գիրքն ինչ է ասում Իսրայելի համար Աստծո նպատակների վերաբերյալ։ Այնուհետև, կարիք ունենք մեզ նվիրել խելամիտ և հետևողական աղոթելուն, որպեսզի այդ նպատակներն իրագործվեն ու կատարվեն։ Երբ աստվածաշնչյան այս ուսումնասիրությունը կատարենք, կհայտնաբերենք, որ ի վերջո արդարություն և խաղաղություն պիտի հոսի Երուսաղեմից դեպի երկրի բոլոր ազգերը։ Այսպիսով, ցանկացած ազգի բարեկեցությունը կայանում է Իսրայելի համար աղոթելու մեջ և կախված է դրա իրագործումից։

Այս տեսակ աղոթքի սուրբգրային մի քաջալերող օրինակ է Դանիելի աղոթքը, ով օրական երեք անգամ աղոթք էր անում` իր պատուհանները դեպի Երուսաղեմը բացած։ Դանիելի աղոթքներն անհանգստություն պատճառեցին սատանային ու այնպես սարսափեցրին նրա թագավորությանը, որ նա չար մարդկանց նախանձն օգտագործեց՝ ամբողջ Պարսից կայսրության մեջ օրենքների փոփոխություն մտցնելու համար, որպեսզի Դանիելի աղոթքներն անօրինական համարվեն։ Եվ սակայն Երուսաղեմի համար աղոթելն այնքան մեծ նշանակություն ուներ Դանիելի համար, որ նա նախընտրեց առյուծների գուբը նետվել, քան՝ դադարեցնել աղոթքները։ Ի վերջո, Դանիելի հավատքն ու քաջությունը հաղթանակ տարան սատանայի ընդդիմությունների հանդեպ։ Նա հաղթանակած դուրս եկավ առյուծների գուբից և շարունակեց աղոթել Երուսաղեմի համար։

Երկար տարիների իմ փորձառությունից հայտնաբերել եմ, որ Երուսաղեմի ու Իսրայելի համար այսպես աղոթելը դիվական ուժերի հատուկ մեծության ընդդիմություն է բարձրացնում։ Մյուս կողմից, նաև հայտնաբերել եմ, որ այս կերպ աղոթողներին տրված Աստծո խոստումը ուժի մեջ է։
Սա է սուրբգրային ուղին դեպի բարգավաճում՝ ոչ միայն ֆինանսական և նյութական, այլ նաև մի բարգավաճում, որն իր մեջ պարունակում է Աստծո հաճության մշտական երաշխավորությունը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն օրհնության համար, որ տվել ես նրանց, ովքեր սիրում են Իսրայելը։ Ես հռչակում եմ, որ երբ աղոթում եմ Երուսաղեմի համար, Աստծո հաճության մշտական երաշխավորությունն եմ ստանում։ Խաղաղություն եմ խնդրում Երուսաղեմի համար. «Թող հաջողվեն քեզ սիրողները»։ Ամեն։