ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16. «ԱՃԵԼ ԵՎ ԶԱՐԳԱՆԱԼ»

Ջանասե՛ր լինենք

«Շարունակելով ջանասիրության թեման՝ եկե՛ք քննարկենք, թե այնուհետև ինչ է ասում Եբրայեցիների նամակի հեղինակը. «Եվ փափագում ենք, որ ձեզանից ամեն մեկը նույն ջանքը ցույց տա, որպեսզի հույսը մինչև վերջ հաստատ մնա։ Որպեսզի չթուլանաք, այլ խոստումները ժառանգողներին նմանվող լինեք հավատով ու համբերությամբ»։

Եբրայեցիներին 6:11-12

Մենք ոչ միայն պետք է ջանասեր լինենք, այլ նաև պետք է մինչև վերջ ջանք ցույց տանք։ Այստեղ նշված է ջանասիրության հականիշը՝ թուլանալը։ Թուլանալ ոչ թե ֆիզիկապես, այլ՝ հոգևորապես։

«Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատով ներկայացրե՛ք առաքինությունը և առաքինությամբ՝ գիտությունը, և գիտությամբ՝ ժուժկալությունը, և ժուժկալությամբ՝ համբերությունը, և համբերությամբ՝ աստվածպաշտությունը, և աստվածպաշտությամբ՝ եղբայրասիրությունը, և եղբայրասիրությամբ՝ սերը»։

2-րդ Պետրոս 1:5-7

Քրիստոնեական կյանքը անշարժ չէ։ Այն լրացման, աճի ու զարգացման կյանք է։ Քրիստոնեական կյանքում անշարժ լինել նշանակում է հետընթաց ապրել։ Այդ լրացումներն անելու համար, ինչպես վերոնշյալ հատվածում է նկարագրվում, ջանասիրություն է պահանջվում։ Անհրաժեշտ է ամեն ջանք թափել։ Այնուհետև Պետրոսը շարունակում է.

«Որովհետև այս բաները, ձեր մեջ մնալով ու աճելով, ձեզ դատարկ ու անպտուղ չեն անի մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտության մեջ։ Բայց նա, ով այս բաներն իր մեջ չունի, կույր է ու կարճատես՝ մոռացած լինելով իր նախկին մեղքերից մաքրված լինելը»։

(խոսք 8-9)

Հնարավո՞ր է արդյոք, որ ինչ-որ մեկը, մաքրված լինելով իր անցյալ մեղքերից, կարող է մոռանալ դրա մասին, կարծես երբեք էլ չի եղել։ Անտրամաբանական է թվում, սակայն Սուրբ Գիրքն ասում է, որ հնարավոր է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ իմ կարիքը՝ նմանվելու խոստումները հավատով ու համբերությամբ ժառանգողներին։ Ես ջանասեր կլինեմ։ Ամեն։