Մոտենանք Սրբարանին

Ըստ Եբրայեցիներին 10:22-ի անհրաժեշտ է չորս պարտադիր պայման կատարել՝ ողորմության աթոռին և Սրբարանի գահին մոտենալու համար։ Նախ պետք է «ճշմարիտ սիրտ» ունենալ, երկրորդ՝ «լիակատար հավատ», երրորդ՝ «մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված», և չորրորդ՝ «մեր մարմինը մաքուր ջրով լվացված»։ Եկե՛ք հակիրճ անդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին։

1. Ճշմարիտ սիրտ. մենք Աստծուն մոտենում ենք մեր սրտով, այլ ոչ թե՝ գլխով։ Աստված ինչ-որ ինտելեկտուալ հանելուկի պատասխան չէ, բայց Նա կողջունի ճշմարիտ ու կարոտած սրտին։ Մենք պետք է գանք առանց կեղծիքի՝ մեզ ներկայացնելով Աստծուն այնպես, ինչպես որ կանք՝ չթաքցնելով ոչինչ։

2. Լիակատար հավատ. Եբրայեցինորին 11:6-ն ասում է. «Բայց առանց հավատի անկարելի է հաճո լինել (Աստծուն), որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա»։ Մենք պետք է մոտենանք՝ Աստծո հավատարմության հանդեպ բացարձակ հավատ ունենալով և ոչ թե հավատալով մեր կարողությանը կամ արդարությանը։

3. Մեր սրտերը չար խղճմտանքից մաքրված. չար խղճմտանք առաջանում է որևէ սխալ, մեղսալից արարք կատարելու արդյունքում։ Սակայն Հիսուսի ցողված արյան միջոցով մենք այն վստահությունն ունենք, որ մեր չար գործերը ներված են, ինչպես նաև, որ մեր սրտերը մաքրված են մեղքից։

4. Մեր մարմինը մաքուր ջրով լվացված. 1-ին Հովհաննես 5:6-ն ասում է, որ Հիսուսը եկավ ջրով և արյունով։ Եբրայեցիներին 10:22-ում տեսնում ենք այս երկու տարրերը՝ արյունը, որ մաքրում է չար խղճմտանքից, և ջուրը, որը լվանում է մեր մարմինները։ Հավատում եմ, որ ջուրը ներկայացնում է քրիստոնեական մկրտությունը։ Նոր Կտակարանում մկրտություն նշանակում է մասնակից լինել Հիսուսի մահվանը, թաղմանը և հարությանը։ Հետևապես, Եբրայեցիներին 10:20-ում նշված «նոր և կենդանի ճանապարհը» Հիսուսն է։ Մենք պետք է նույնանանք այն ամենի հետ, ինչ նա կրեց, երբ մահացավ մեր մեղքերի համար և հարություն առավ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Հռչակում եմ, որ ես գալիս եմ ճշմարիտ սրտով, լիակատար հավատով, չար խղճմտանքից մաքրված սրտով և մաքուր ջրով լվացված մարմնով։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։