ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6. «ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԱՃԵՑՆԵԼԸ»

Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը

Այս դավանությունը մեզ ասում է, որ այս մրցասպարեզում հաղթանակ տանելու համար Եբրայեցիներին 12:1-ում մեկ այլ պայման կա՝ համբերությունը։ Սա մի որակավորում է, որն էական կարևորություն ունի որպես քրիստոնյաներ՝ մեր բնավորության համար, եթե պատրաստվում ենք հասնել իրական հոգևոր հաջողության ու լիության։ Մենք պետք է համբերություն զարգացնենք։

Ո՞րն է համբերությամբ վազելու հականիշը։ Կարծում եմ՝ նահանջելը կամ դադարեցնելը։ Քրիստոնյաները չեն կարող նահանջողներ լինել։ Երբ Աստված մեզ ինչ-որ բան է հանձնարարում, մենք պետք է վճռականորեն առաջանանք՝ այն իրագործելու համար և մինչև վերջ գնանք։ Ժուժկալության և համբերության միջև սեղմ առնչություն կա։ Առանց ժուժկալության մենք համբերության չենք հասնի։ Մենք պետք է տիրապետենք մեր թուլություններին, այլապես ամեն անգամ համբերության ոլորտում փորձվելիս որոշ թուլություններ՝ լինի զգացմունքային, հոգեբանական թե ֆիզիկական, մեզ վայր կգցեն, իսկ մենք էլ կհանձնվենք՝ հաստատ մնալու և համբերելու փոխարեն։

Սակայն հաջողակ մրցավազք ունենալու մեկ այլ պայման կա՝ մեր աչքերը հառած պահենք Հիսուսի վրա։ Ինչպես գրված է Եբրայեցիներին 12:2-ում. «Նայե՛նք հավատի զորագլխին ու կատարողին՝ Հիսուսին, որ իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ»։

Մենք պետք է անդադար նայենք Հիսուսին։ Այսինքն՝ մենք չենք կարող վազել ասպարեզը՝ ինքներս մեզ վստահելով։ Հիսուսին նայել նշանակում է, որ նա մեր օրինակն է, և մենք նրան ենք վստահում։ Նա է մեր հավատի ստեղծողը՝ սկիզբը։ Նա է կատարողը՝ այն միակը, ով մեզ կտանի դեպի հաղթանակ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես չեմ նահանջում, այլ իմ աչքերը սևեռում եմ Հիսուսի վրա՝ այն միակի, ով ինձ կտանի դեպի հաղթանակ։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։