ԱՌԱԿԱՑ3
  • 1Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.
  • 2Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար.
  • 4Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կ’գտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին։
  • 5Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։
  • 6Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները։
  • 7Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից։
  • 8Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին։
  • 9Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը.
  • 10Այն ժամանակ կ’լցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով։
  • 11Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար.
  • 12Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է։
  • 13Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում։
  • 14Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահիցը, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից։
  • 15Նա պատուական է գոհարներից, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն։
  • 16Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք։
  • 17Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են։
  • 18Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ։
  • 19Տէրը իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը։
  • 20Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին։
  • 21Որդեակս, սորանք չ’գնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը։
  • 22Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար։
  • 23Այն ժամանակ ապահով կ’գնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ։
  • 24Եթէ պառկես, չես վախենալ. Եւ կ’պառկես եւ քունդ քաղցր կ’լինի։
  • 25Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ։
  • 26Որովհետեւ Տէրը կ’լինի քո յոյսը, եւ նա կ’պահէ քո ոտքը, որ չ’բռնուի։
  • 27Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու.
  • 28Մի ասիր քո ընկերին. Գնա՝ միւս անգամ եկ, եւ էգուց կ’տամ. Քանի որ քեզ մօտ կայ։
  • 29Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ։
  • 30Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չէ արել։
  • 31Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր.
  • 32Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է։
  • 33Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է։
  • 34Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։
  • 35Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կ’բարձրանան անարգանքով։
← Ցանկ