ԱՊՐԻԼԻ 2. «ՊԱՏԺՎԱԾ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

Հիշում եմ, թե ինչպես մի անգամ զրուցում էի մի հրեա մարդու հետ, ով ինձ ասաց, թե ինչու չի հավատում, որ Հիսուսը Մեսիան է. «Հնարավոր չէ, որ նա լավ մարդ եղած լիներ. Աստված երբեք թույլ չէր տա, որ նա այդպես տառապեր» : Իսկ դա հենց այն է, ինչ Եսայա մարգարեն ասաց. «Մենք նրան պատվազրկված էինք համարում, Աստծուց զարկված և նկուն եղած» (Եսայա 53:4): Բայց 5-րդ խոսքն ասում է. «Նա մեր մեղքերի համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Այս խոսքերում երկու հիմնական գործողություն է նշվում: Մեր սխալների համար որոշված պատիժը դրվեց Հիսուսի վրա, որպեսզի մենք ներված լինենք և խաղաղություն ունենանք: Մինչև մեղքի պատիժը կրելը, խաղաղության ոչ մի հնարավորություն չկար: Եկե՛ք Եփեսացիների թղթից մեկ այլ հատված նայենք, որտեղ Պողոսը խոսում է խաչի վրա տեղի ունեցածի մասին:

«Նա է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ արեց և մեջտեղի բաժանող պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով` հրամաններով դրված պատվիրանների օրենքը խափանելով, որպեսզի իրենով երկուսից մեկ նոր մարդ ստեղծի, խաղաղություն անելով, և երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի նրանով թշնամություն սպանելով: Եւ եկավ, ավետարանեց խաղաղություն ձեզ` հեռավորներիդ, և խաղաղություն` մոտավորներին»:

Եփեսացիներին 2: 14-17

Ուշադրությու՛ն դարձրեք «խաղաղություն» բառի շեշտադրությանը: Խաղաղություն չի կարող լինել մեղավորի համար, մինչև նա չգիտակցի, որ իր մեղքերը ներված են: Հիսուսը պատիժ կրեց, որպեսզի ներման միջոցով մենք խաղաղություն ունենանք Աստծո հետ: (Տե՛ս նաև՝ Կողոսացիներին 1:19-20)։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ համար մահացար խաչի վրա: Ես հռչակում եմ, որ Հիսուսը պատժվեց, որպեսզի մենք ներված լինենք, այսպիսով ես կարող եմ ներման միջոցով խաղաղություն ունենալ Աստծո հետ: Ամեն: