ԱՊՐԻԼԻ 3. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԵՆՔ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

Խաչի վրա Հիսուսը նույնացավ այն ամեն չարիքի հետ, որ մենք երբևէ արել ենք: Փոխարենը մենք ամբողջովին ներվեցինք և փրկագնվեցինք չարի զորությունից:

«Որով (Հիսուսով) փրկությունն ունենք նրա արյունով` մեղքերի թողությունն իր շնորհի մեծության չափով»:

Եփեսացիներին 1:7

Երբ մենք թողություն ենք ունենում մեղքերից, մենք փրկություն ենք ունենում. մենք փրկված ենք: Փրկել նշանակում է «հետ գնել» կամ «փրկանք վճարել»: Մեզ համար որպես զոհ տրված իր արյան գնով Հիսուսը մեզ սատանայից հետ գնեց Աստծո համար:

Հռոմեացիների 7-րդ գլխում Պողոսը մի բան ասաց, որը ոչ միշտ է հասկանալի այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն նրա օրերի մշակութային համատեքստին. «Ես եմ մարմնավոր` մեղքի տակ ծախված» (խոսք 14): Հիշենք, որ «մեղքի տակ ծախված» արտահայտությունը վերաբերում է հռոմեական ստրուկների շուկային: Նա, ով որպես ստրուկ էր վաճառվում, պետք է կանգներ կոճղի վրա, իսկ իր հետևում տեղակայված սյունից մի նիզակ էր տարածվում նրա գլխավերևում: Այսպիսով` Պողոսն ասում էր. «Ես եմ մարմնավոր` ծախված իմ մեղքի նիզակի տակ, որը տարածվում է իմ գլխավերևում: Ես ընտրություն չունեմ: Ես վաճառքի ենթակա եմ»:

Երբ մի անձնավորություն ստրուկ է, նա ոչ մի ընտրություն չունի: Դարձյալ, երկու կանայք վաճառվում են միևնույն շուկայում. տերը մեկին խոհարար է դարձնում, մյուսին` մարմնավաճառ : Նույնը ճշմարիտ է նաև մեզ համար որպես մեղավորներ: Գուցե մենք լավ, հարգարժան մեղավորներ ենք և վերևից ենք նայում մարմնավաճառներին ու թմրամոլներին: Սակայն ստրկատերն է որոշում ստրուկի ծառայությունը:

Բարի լուրն այն է, որ Հիսուսը քայլեց դեպի ստրուկների շուկան ու ասաց. «Ես կգնեմ այս աղջկան, ես կգնեմ այն տղային: Սատանա՛, ես վճարել եմ գինը: Նրանք հիմա իմ որդին ու դուստրն են»: Սա է փրկությունը, և այն գալիս է միայն մեղքերի թողության միջոցով:

Շնորհակալությու՛ն Հիսու՛ս, որ ինձ համար մահացար խաչի վրա: Ես հռչակում եմ, որ Հիսուսն ինձ սատանայից հետ գնեց Աստծո համար: Նա պատժվեց, որ ես ներված լինեմ: Ամեն: