ԱՊՐԻԼԻ 15. «ՅՈՒՐԱՑՆԵԼՈՎ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

1943-ին ես հիվանդ էի և բազում ամիսներ անցկացրի հիվանդանոցում: «Փրկության բանակ» կազմակերպությունից մի կին այցելության եկավ` ինձ համար աղոթելու: Այդ ժամանակ ես Աստծուց այս խոսքն ստացա. «Խորհի՛ր Գողգոթայում կատարված գործի մասին. կատարյալ գործ, կատարյալ՝ ամեն առումով, կատարյալ՝ ամեն տեսանկյունից»: Այդ պահից ի վեր սկսեցի խորհել այս մտքի շուրջ և միայն այդ ժամանակ ըմբռնեցի, թե ինչ տեղի ունեցավ խաչի վրա: Դա մի կատարյալ գործ է: Որ տեսանկյունից էլ նայենք խաչին, այն կատարված է: Ինչպիսի կարիք էլ որ ունենանք, այն հավիտյան լուծված է խաչի վրա:

Գուցե ասեք. «Հեշտ է թվում, բայց ինչպե՞ս կարող ենք յուրացնել դա»: Բժշկության թեմայի շուրջ շատերը մտածում են. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե արդյոք Աստված կամենու՞մ է բժշկել»:

Եթե մենք Աստծո զավակներն ենք, ապա սխալ հարց ենք տալիս: Բժշկությունը երեխաների հացն է: Հիսուսն ասաց. «Լավ չէ երեխաների հացն առնել և շներին (անհավատներին) գցել» (Մատթեոս 15:26 ): Փյունիկիացի կինն ուներ ճիշտ պատասխանը. «Տե՛ր, ինձ հացը չէ պետք: Ինձ ուղղակի մի փշրա՛նք տուր, և դա կհանի դևը իմ աղջկա միջից»: Այդ կինն իրապես հավատք ուներ` շատ ավելի, քան այն զավակները, ովքեր իրենց առաջարկված ամբողջական հաց ունեին և դեռ հիվանդ էին: Միգուցե մի հայր չկարողանա իր ընտանիքին պաղպաղակ կամ միս տալ, սակայն ամեն հայր պարտավորություն ունի ապահովելու հացով: Հայր Աստվածը սեղանին է դրել երեխաների` իմ և քո հացը:

Ես այդ հարցը ձևափոխում եմ այսպես. ինչպե՞ս յուրացնեմ այն բժշկությունը, որն արդեն ապահովված է: Հավատացյալի համար բժշկությունը և քավությունը երբեք ապագայում չեն: Հիմա մեզանից է կախված մեր ժառանգության յուրացումը: Մեզ համար ամեն ինչ ապահովված է կտակարանում` Հիսուսի մահվամբ կնքված կտակում:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ հիմա յուրացնում եմ Հիսուսի կատարյալ գործը Գողգոթայում, քանի որ Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն: