ԱՊՐԻԼԻ 23. «ՔԱՎՈՒԹՅՈՒՆ. ՍՌՆԱԿԸ»

Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը

Ավետարանի ամբողջական պատգամի մեջ քավության դերը պատկերավոր ներկայացնելու համար պատկերացրե՛ք անիվի կառուցվածքը, որը ունի երեք հիմնական հատված` արտաքին շրջանակը, ճաղերը և սռնակը: Այս պատկերում արտաքին շրջանակը ներկայացնում է Աստծո լիակատար հոգածությունը մեր կյանքի ամեն բնագավառի համար` հոգևոր, ֆիզիկական և ֆինանսական, ժամանակի մեջ և հավիտենության մեջ: Ճաղերը, որ հենակետ են անիվի արտաքին շրջանակի համար, այն ճանապարհներն են, որոնց միջոցով Աստված հոգում է: Օրինակ, նա հոգում է ներման (խաղաղություն), բժշկության (առողջություն), ազատագրության (ազատություն), սրբացման (սրբություն) և այլնի միջոցով: Այսպիսով, եթե չլինի կենտրոնական սռնակը, ապա ճաղերը ոչ մի հենակետ չեն ունենա: Ինչպես նաև, սռնակի միջոցով է գալիս անիվը պտտելու ուժը: Ինչպես Աստված է նախատեսել, քավությունը կենտրոնական սռնակն է, որը քրիստոնեական կյանքի համար զորություն է մատակարարում:

Եբրայեցիս 2:9-ից մենք իմանում ենք, որ Աստծո շնորհով Հիսուսը ճաշակեց մահը ամենքի համար: Նա գրավեց մեր տեղը. այն, ինչ մեզ համար էր որոշված, եկավ Նրա վրա: Եսայա 53:6 -ն ասում է.

«Մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցինք. յուրաքանչյուրն իր ճանապարհին դառավ, և Տերը նրա վրա դրեց մեր ամենի մեղքը»:

«Մեղքը» նաև նշանակում է «ապստամբություն»: Ամբողջ մարդկային ցեղի ապստամբությունը ամփոփված է այդ արտահայտության մեջ: Մենք ետ ենք դարձել Աստծուց ու գնացել մեր ճանապարհով. սահմանել ենք մեր չափանիշները, հաճեցրել ենք ինքներս մեզ, ապրել ենք մեզ համար: Մենք ապստամբ էինք, սակայն Տերը մեր բոլորի ապստամբությունը դրեց Հիսուսի վրա. մեր ամբողջ ապստամբությունը կենտրոնացվեց Նրա վրա: Երբ Նա կախված էր խաչից, մեր ապստամբության բոլոր չար հետևանքները եկան նրա վրա. հիվանդություն, ցավ, տառապանք և, ի վերջո, մահ: Բայց նա ինքն իրեն համար չմեռավ: Նա մահացավ մեր մահը: Նա մեր փոխարեն ճաշակեց մահը:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ ետ եմ դառնում իմ ապստամբությունից, ինչպես նաև` Հիսուսն իմ փոխարեն ճաշակեց մահը, որովհետև Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն: