ԱՊՐԻԼԻ 27. «ՆՈՒՅՆԱՑՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ՀԵՏ»

Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը

Երբ մենք առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում ենք խաչին, մենք ցանկանում ենք ընկրկել: Սակայն Հիսուսի խաչը դուռն է դեպի մի գաղտնի վայր, որը ոչ մի կենդանի չի կարող գտնել, ոչ մի թռչուն չի կարող տեսնել, և մնացած ամբողջ ստեղծագործությունը չգիտի այդ մասին (Տե՛ս` Հոբ 28:7-8): Սա հոգևոր ոլորտում է: Պողոսն ասաց.

«Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեցեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը: Վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները: Վասնզի դուք մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ: Բայց երբոր Քրիստոս` մեր կյանքը, կհայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ կհայտնվեք փառքով»:

Կողոսացիներին 3:1-4

Բանալի արտահայտությունը` «ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծո մեջ», չի խոսում այն աշխարհի մասին, այլ` այստեղ և հիմա: Ծածկված լինել Քրիստոսի հետ Աստծո մեջ նշանակում է գտնվել գաղտնի վայրում: Գաղտնիքն այն է, որ, երբ Հիսուսը մահացավ, նա չմահացավ ինքն իր համար, այլ` մեզ համար որպես մեր ներկայացուցիչ` մեր մեղքն ու դատապարտությունը վերցնելով իր վրա:

Հիմնվելով Սուրբ Գրքի վերաբերյալ մեր հասկացողության վրա հավատքով` մենք գիտենք, որ Հիսուսը մահացավ և հարություն առավ, մենք էլ մահացանք և հարություն առանք: Մենք անցանք մահվան միջով մի ոլորտում, որը զգայարանները չեն կարող տարորոշել, և արարածները չեն կարող ըմբռնել: Մենք Քրիստոսի և Աստծո մեջ ենք. ոչինչ չի կարող հասնել մեզ, մինչև այն չգա Աստծո և Հիսուսի միջով: Մենք այստեղ մարմնի մեջ ենք, սակայն մեր կյանքը այս տեսանելի աշխարհում չէ: Գուցե մենք շատ դժվարությունների և ճնշումների միջով անցնենք այս կավե անոթներում, սակայն մենք մի կյանք ունենք, որը հավիտյան է, անապական և հաստատուն: Սա լիակատար ապահովություն է: Ինչ էլ որ լինի, Քրիստոսի մեջ մենք Բարձրյալի ծածկոցի տակ ենք` պաշտպանված ամեն վնասներից ու վտանգներից (Տե՛ս` սաղմոս 91:1-2)։ Իսկ գաղտնի վայրը տանող դուռը խաչն է:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ խաչի միջոցով ես մտել եմ Բարձրյալի ծածկոցի տակ: Ես պաշտպանված եմ ամեն վնասներից ու վտանգներից, որովհետև Հիսուսը մահացավ իմ մահով, որ ես ստանամ Իր կյանքը: Ամեն: