ՀՈՒՆԻՍԻ 27. «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ»

Ես արդարացած եմ հավատքով

Արդարությունը որոշակի անմիջապես և ակնհայտ արդյունքներ է տալիս։ Մեր ամբողջ կյանքը՝ ներառյալ մեր վերաբերմունքները, հարաբերությունները, քրիստոնեական ծառայության մեջ մեր գործերի արդյունավետությունը, կախված են մեր արդարացված լինելու չափի գիտակցումից։ Առակաց 28:1-ում կարդում ենք. «Ամբարիշտը փախչում է առանց մեկից հալածվելու, բայց արդարները առյուծի պես ապահով են»։ Անգլերեն թարգմանության մեջ ապահով բառի փոխարեն օգտագործված է համարձակ բառը։ Մեր օրերում քիչ են համարձակ քրիստոնյաները։ Շատերը երկչոտ են ու խեղճ։ Չարին հանդիպելիս մեջքով են կանգնում։ Սրա հիմնական պատճառն այն է, որ չեն գիտակցում հետևյալը. նրանք Աստծո համար արդար են այնքան, որքան Հիսուսն ինքը։ Երբ գիտակցենք և գնահատենք այս փաստը, այն մեզ համարձակ կդարձնի։

Եկե՛ք արդարության մի քանի արդյունքներ ևս նայենք։ Եսայա 32:17-ն ասում է.«Եվ արդարության գործը կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը՝ հանգիստ ու պաահովություն հավիտյան»։ Այս խոսքն արդարության երեք պտուղներ է հիշատակում՝ խաղաղություն, հանգիստ և ապահովություն, որոնք գալիս են այն դեպքում, երբ մենք հասկանում ենք, որ արդարացված ենք Քրիստոսի արդարությամբ։ Հռոմեացիներին 14:17-ն ասում է մեզ.«Որովհետև Աստծո արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն և խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով»։ Խաղաղություն, հանգիստ, ուրախություն և ապահովություն. սրանք են արդարության պտուղները։ Եթե արդարությունը հավատքով չստանանք, մենք կպայքարենք այս արդյունքներին հասնելու համար, սակայն՝ ապարդյուն։ Ցավալի է տեսնել, որ քրիստոնյաները փորձում են ուրախ լինել, խաղաղություն, հանգիստ և ապահովություն ունենալ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ասել է, թե նրանք պարտավոր են այդպես լինել։ Իմ փորձառությունը ցույց է տալիս, որ, երբ քրիստոնյաներն իսկապես ստանում են այն վստահությունը, որ իրենց մեղքերը ներված են, իսկ իրենք արդարացած են հավատքով, ապա արդյունքում դրան ինքնաբերաբար հաջորդում է արդարությունը։ Բանալին հետևյալն է. օգնել մարդկանց հասկանալու, որ իրենք արդար են Քրիստոսի արդարությամբ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո զոհաբերության համար։ Ես հռչակում եմ, որ Հիսուսի արդարությունից բխում է համարձակություն, խաղաղություն, հանգստություն և ապահովություն, որոնք ես վերցնում եմ, որովհետև ես արդարացած եմ հավատքով։ Ամեն։