ՕԳՈՍՏՈՍԻ 26. «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊՏՈՒՂ»

Մեր հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի մեր մեջ

Հակոբոսը խոսեց կրոնավոր մարդկանց հակասությունների մասին.

«Նրանով (լեզվով) Աստծուն և Հորն ենք օրհնում, նրանով նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծու նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։ Պետք չէ, եղբայրնե՛ր, որ սա այդպես լինի։ Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր ու դառը ջուր կբխեցնի։ Մի՞թե կարելի է, եղբայրնե՛ր, որ թզենին ձիթապտուղ տա։ Կամ որթատունկը՝ թուզ։ Այդպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել»։

Հակոբոս 3:12

Հակոբոսն այստեղ երկու պատկեր է համատեղում։ Առաջինը ծառի պատկերն է։ Նա ասում է, որ թզենին երբեք չի կարող այլ պտուղ տալ, ինչպես օրինակ ձիթապտուղ։ Ծառի տեսակը ցույց է տալիս այն պտուղը, որ նա կտա։ Այս պատկերում ծառը սիրտն է. պտուղը բերանից դուրս եկող խոսքն է։ Երկրորդ պատկերը, որ Հակոբոսն օգտագործում է, ջրի աղբյուրի օրինակն է։ Նա ասում է, որ եթե աղի, աղահամ ջուրը դուրս է գալիս մի աղբյուրից, ապա դուք իմանում եք, որ այդ աղբյուրի ներսում աղի ջուր է։

Երկու ծառերը ներկայացնում են երկու բնույթներ։ Այն ծառը, որն այլ պտուղ է տալիս, քան որ պետք է տար, ապականված է. այդ ծառը ներկայացնում է հին մարդուն։ Բարի ծառը նոր մարդն է Հիսուս Քրիստոսի մեջ։ Հին մարդը չի կարող բարի պտուղ տալ։ Հիսուսը շատ անգամներ հստակորեն ասաց այդ: (Տե՛ս, օրինակ, Հովհաննես 15:1-8)։ Այդ հին մահկանացու բնույթը միշտ այնպիսի պտուղ կտա, որը համապատասխան է իր էությանը։
Աղբյուրը հոգևոր մի բան է ներկայացնում։ Քաղցր աղբյուրը Սուրբ Հոգին է։ Ապականված, աղի և անմաքուր ջուրը այլ հոգի է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած փոխանակման համար։ Ես հռչակում եմ, որ իմ նոր բնույթից բարի պտուղ դուրս կգա, քանի որ իմ հին մարդը մեռավ Քրիստոսի մեջ, որ նոր մարդը կենդանի լինի իմ մեջ։ Ամեն։