ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4. «ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԲԱՆ ԳԻՏԻ»

Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրանից

Աստծո՝ հավիտենական լինելու հետ սեղմ առնչություն ունի Նրա ամենագիտությունը։ 1-ին Հովհաննես 3:20-ում մենք հանդիպում ենք մի վսեմ բայց և պարզ հայտնության. «Աստված… ամեն բան գիտի»։ Չկա մի բան, որն Աստված չիմանա։ Երկրի վրա եղած ամենաաննշան միջատից մինչև համաստեղության ամենահեռավոր աստղը չկա ոչինչ, որ Աստված չիմանա։

Աստված այնպիսի բաներ գիտի մեր մասին, որ ինքներս էլ չգիտենք։ Ինչպես երեկ գրեցի, Նա գիտի մեզանից յուրաքանչյուրի գլխի վրա եղած մազերի քանակը։

(Տե՛ս Մատթեոս 10:30)

Աստված գիտեր Նինվե քաղաքի բնակիչների թիվը։ (Տե՛ս Հովնան 4:11): Նա գիտեր և վերահսկում էր այն բույսի աճը, որը շուք արեց Հովնանին։ Նա նաև գիտեր ու վերահսկում էր այն որդի աշխատանքը, որը չորացրեց այդ բույսը։ (Տե՛ս Հովնան 4:6-7)։

Պողոս առաքյալը գրեց այնպիսի բաների մասին, որ «աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ» (1-ին Կորնթացիներին 2:9)։ Նա շարունակում է.

«Բայց Աստված մեզ իր Հոգով հայտնեց, որովհետև Հոգին բոլոր բաները քննում է, Աստծու խորքն էլ» (խոսք 10)։

Սուրբ Հոգին և՛ հասնում է ամենախոր խորությունները, և՛ կշռում է բարձրագույն բարձունքներն այն ամենի, ինչ եղել է, կա ու կլինի։ Նրա գիտությունն անսահմանափակ է։ Ահա այս անսահման գիտության ներքո է, որ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք Աստծուն հաշիվ տալու մեր մասին։ «Նրա երեսից աներևույթ մի արարած չկա, այլ ամեն բան մերկ է ու բաց Նրա աչքերի առաջ. Նրան պիտի հաշիվ տանք» (Եբրայեցիներին 4:13)։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ Դու գիտես ինձ ամբողջովին։ Ես հռչակում եմ, որ Աստծո գիտությունն անսահման է. չկա մի բան, որ Նա չիմանա։ Իմ Հայրը գիտի, թե ինչի կարիք ունեմ, նույնիսկ նախքան ես կխնդրեմ Նրան։ Ամեն։