ՄԱՅԻՍԻ 6. «ԼԻԱՑԱԾ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՈՎ»

Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ

Մի անգամ, երբ Իռլանդիայում էի, մի տղա կար, ում ծնողները նրան կարտոֆիլ էին տվել, որ ցանի: Նա ցանեց իր կարտոֆիլներն ու մի շաբաթ անց դուրս եկավ` տեսնելու, թե արդյոք դրանք աճում են: Սակայն աճի ոչ մի նշան չկար: Երկու շաբաթ անց նա կրկին դեռևս ոչինչ չտեսավ, այսպիսով նա փորեց և դուրս հանեց կարտոֆիլները, որ տեսնի, թե արդյոք գոնե բողբոջել են: Ի վերջո, նա այդպես երեք-չորս անգամ փորեց, և կարտոֆիլները երբեք չաճեցին:

Որոշ քրիստոնյաներ այդ փոքրիկ տղայի նման են: Նրանք ցանում են իրենց հավատքի կարտոֆիլները, հետո դրանք դուրս են փորում, որպեսզի տեսնեն, թե արդյոք դրանք աճու՞մ են: Հավատքի էությունն այն է, որ թույլ տանք` Աստված Ինքն աճեցնի մեզ: Մենք կատարում ենք պայմանները, սակայն Աստված է իրականացնում խոստումը և օրհնում մեզ: Նրանց, ովքեր կատարում են Աստծո պայմանները, Երկրորդ Օրինաց 28:2-ն այսպես է ասում. «Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես»: Ես սիրում եմ «հասնել» բառը: Մենք չէ, որ պետք է վազենք օրհնությունների հետևից, այլ նրանք են վազում մեր հետևից: Մենք կարող ենք գիշերը պառկել քնելու և խորհել, թե ինչ օրհնություններ մեզ հասած կլինեն, երբ առավոտյան արթնանանք։

Նույն կերպ Մատթեոս 6:33-ն է ասում մեզ.

«Սակայն առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք, և այդ ամենը կտրվի ձեզ»։

Մենք չենք փնտրում «այդ ամենը» , այլ փնտրում ենք արքայությունը։ Այդ ժամանակ Աստված հոգում է մեր ամեն կարիքները։

Այսպիսով, Աստծո լիառատությունն ստանալու պայմանները սրանք են. առաջին՝ մեր շարժառիթներն ու վերաբերմունքը պետք է ճիշտ լինեն, երկրորդ՝ մենք պետք է հավատք գործադրենք, երրորդ՝ մենք պետք է տալով պատվենք Աստծուն, մեր ծնողներին և Աստծո ծառաներին, չորրորդ՝ մենք պետք է վարժվենք ճիշտ մտածելու, խոսելու և գործելու մեջ, հինգերորդ՝ մենք պետք է թույլ տանք, որ Աստված Իր ձևով և Իր ընտրած պահին օրհնի։Եթե կատարենք այս պայմանները, ապա կարող ենք վստահ լինել, որ Աստծո լիառատ օրհնությունները կհասնեն մեզ։ Սա մի ճանապարհ է, որով կարող ենք մտնել Աստծո օրհնության մեջ։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հոչակում եմ, որ ամեն բանից առաջ Աստծո արքայությունը կփնտրեմ, և երբ անեմ այս, Նրա օրհնությունները կհասնեն ինձ, որովհետև Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: