ՀՈՒՆԻՍԻ 8. «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԻՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

Հռոմեացիներին 8:15-ում Պողոսն իր խոսքն ուղղում է Սուրբ Հոգով մկրտված քրիստոնյաներին՝ ասելով. «Որովհետև դուք ծառայության հոգին չառաք, որ դարձյալ վախենաք» ։

Ծառայություն նշանակում է ստրկություն։ Պողոսը զգուշացնում էր քրիստոնյաներին, որ վերջիններս թույլ չտան սատանային՝ իրենց կրկին ստրկության մեջ տանելու։ Ակնարկը հստակ է, որ ստրկության այդ ձևը, որի մեջ նրանք գուցե վերադառնան, կրոնավորության ստրկությունն է՝ ծառայություն օրենքին, որից նրանք ազատագրվեցին, երբ Հիսուսը մահացավ խաչի վրա։

Ամբողջ Գաղատացիներին գիրքն անդրադառնում է հենց այս թեմային. ավետարանի և Սուրբ Հոգու զորության միջոցով ազատագրվելուց հետո ստրուկ չլինել կրոնավոր օրինապաշտությանը։ Փաստորեն Պողոսը վերաբերվում է այս խնդրին որպես շատ ավելի լուրջ և վտանգավոր մի բան, քան նույնիսկ սեռական մեղքերն են, ինչես օրինակ` շնությունը կամ պոռնկությունը։ Սա ուշագրավ է, բայց Պողոսի թղթերից Գաղատացիներին ուղղված նամակը միակն է, որը նա չի սկսում Աստծուն շնորհակալություն հայտնելով այն մարդկանց համար, ում գրում էր այդ նամակը։ Նա այնքան էր վշտացած գաղատացիների արարքներից, որ միանգամից անցնում է բուն թեմային։«Զարմանում եմ, որ այսպես շուտով փոփոխվում եք ձեզ Քրիստոսի շնորհքի մեջ կանչողից» (Գաղատացիներին 1:6):
Սա մի հրաշալի օրինակ է այն բանի, որ կրոնավորության ոգիները մարդկանց հետ են բերում օրինապաշտության ստրկության մեջ։ Եկե՛ք ականջ դնենք Պողոսի շեշտված զգուշացմանը. «Դարձյալ ծառայության (ստրկության) լծի տակ մի՛ մտնեք» (Գաղատացիներին 5:1):

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, քո ներման համար։ Ես հռչակում եմ, որ ավետարանի և Սուրբ Հոգու զորության միջոցով ազատագրաված լինելուց հետո ստրուկ չեմ դառնա կրոնավոր օրինապաշտությանը։ Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից։ Ամեն։