ՄԱՐՏԻ 26. «ԱՍՏՎԱԾ ՆԵՐԿԱ է»

Տերը չի լքի Իր ժողովրդին։

Աստված Աբրահամին և Հակոբին խոստացավ, որ նրանց սերունդները ծովափի ավազների պես են լինելու։ Սա Իսրայելի վերջին երկու հազար տարիների պատմության հստակ պատկերն է։ Ալիքները շարունակաբար հարվածել են նրանց։ Մարդկանց և դևերի և նաև հենց սատանայի կատաղի փոթորիկները անթիվ գրոհներ են սանձազերծել հրեա ազգի դեմ՝ շատ տարբեր ոլորտներում և տարբեր ժամանակահատվածներում։ Ծովը փորձել է խորտակել նրանց, այն փրփրել է, դես ու դեն է նետել նրանց։ Եվ գիտե՞ք, թե ինչ է կատարվել։ Ավազը միշտ հաղթում է։ Ինչու՞։ Որովհետև Աստված է ասել, որ այդպես լինի։ Աստծո Խոսքն է, որ գործել է։

 Շատ կարևոր է հասկանալ, որ հրեաները չէին, որ ընտրեցին լինել Աստծո ժողովուրդը։ Տերն էր, որ ընտրեց նրանց։ Ես հավատում եմ, որ ամեն ընտրություն, որ Աստված է կատարում, ճիշտ ընտրություն է։ Կապ չունի, թե որքան հակասական բաներ կկատարվեն, Տերը ճիշտ է արել։ Նա չի թողնի իր ժողովրդին, ոչ թե այն բանի համար, որ նրանք արժանացել են դրան, բայց Իր մեծ անվան համար։ Աստծո անունն Իսրայելի վրա է։

Նոր Կտակարանում Հիսուսը նույն համոզումն է տալիս. «Քեզ չեմ թողնի ու երեսից չեմ գցի» (Եբրայեցիներին 13:5)։ Ժամանակ առ ժամանակ մենք գուցե որոշ առումով չզգանք նրա ներկայությունը, սակայն իր Սուրբ Հոգու միջոցով նա մեզ հետ է։ Կապ չունի, թե ուր ենք մենք գնում, Աստված ներկա է Իր Սուրբ Հոգով` անտեսանելի, աննկատ, սակայն անխուսափելի։ Անհավատի համար սա գուցե սարսափեցնող միտք լինի, սակայն հավատացյալի համար այն մխիթարիչ, զորացնող համոզվածություն է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ ինչպես Տերն Իսրայելի հետ է, Նա նաև ինձ հետ է, քանի որ Տերը չի լքի Իր ժողովրդին։ Ամեն։