ՀՈՒԼԻՍԻ 18. «ԻՄ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՂԸ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

Հիսուսն ասաց, որ «եթե մանանեխի հատիկի չափ հավատ» ունենանք, ապա կարող ենք սարը տեղաշարժել (տես՝ Մատթեոս 17:20): Խնդիրը ոչ թե քո հավատքի չափաքանակն է, այլ՝ որակը։ Հավատքը տրվում է նրանց, ովքեր գործնական են ու խոնարհ։

Ինչու՞ է Աստված քեզ հավատքի առանձնահատուկ չափ տալիս (տե’ս՝ Հռոմեացիներին 12:3): Պատճառն այն է, որ Նա քեզ համար առանձնահատուկ տեղ ունի Քրիստոսի մարմնի մեջ։ Քեզ տրված հավատքը ձևավորված է մարմնում քո դիրքի համար։ Եթե Աստված ուզում է, որ դու ձեռք լինես, ապա Նա քեզ կտա «ձեռքի» հավատք։ Եթե ցանկանում է, որ դու ականջ լինես, Նա քեզ կտա «ականջի» հավատք։ Իսկ եթե ցանկանում է, որ դու ոտնաթաթ լինես, ուրեմն քեզ կտա «ոտնաթաթի» հավատք։ Բայց եթե դու ոտնաթաթ ես, սակայն փորձում ես քիթ լինել, ապա կատարյալ անհամապատասխանություն կլինի քո ունեցած հավատքի և այն բանի միջև, ինչ դու փորձում ես անել։ Պատճառը ոչ թե այն է, որ դու բավարար հավատք չունես, այլ այն, որ փորձում ես քո հավատքն օգտագործել մի բանի համար, որի համար այն չպետք է օգտագործվի։ Այն քեզ տրված է առանձնահատուկ գործի ու տեղի համար, որ դու ունես հավատացյալների մեջ։

Իմ ձեռքը հրաշալի գործ է անում որպես ձեռք։ Այն բացում է իմ Աստվածաշունչը, թերթում է էջերը։ Այն կատարում է գրեթե այն ամենը, ինչ խնդրում եմ նրան։ Սակայն եթե այս ամեն գործերը ես փորձեի անել իմ ոտքով, ապա ես խնդիրներ կունենայի։

Եթե դու մշտապես պայքարում ես հավատքի համար, հավանաբար դու փորձում ես ինչ-որ սխալ գործ կատարել։ Դու ձեռք ես, որը փորձում է ոտք լինել կամ ոտք, որը փորձում է ձեռք լինել։ Սա Աստծո ճանապարհն է՝ քեզ առաջնորդելու դեպի քո տեղը։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ քո մարմնի անդամը դարձրիր։ Հռչակում եմ, որ Աստված ինձ առաջնորդում է դեպի իմ առանձնահատուկ տեղը, քանի որ ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։ Ամեն։