ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10. «ՍԻՐՈ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ

«Բայց նա, ով թափանցում է ազատության կատարյալ օրենքի մեջ և նրա մեջ մնում, նա մոռացուկ լսող չի լինում, այլ՝ գործ կատարող. նա իր կատարելով երանելի է։

Հակոբոս 1:25

«Արդ եթե թագավորական օրենքը գրվածի պես կատարեք՝ «Քո ընկերոջը քո անձի պե՛ս սիրիր», լավ կանեք»։

Հակոբոս 2:8

«Քո ընկերոջը քո անձի պե՛ս սիրիր». այս օրենքը երկու կերպ է կոչվում. «ազատության կատարյալ օրենք» և «թագավորական օրենք»։ Այն կատարյալ օրենք է, որովհետև իր մեջ պարփակում է ցանկացած այլ օրենք։ Եթե իսկապես ջերմեռանդորեն ու մաքուր սրտով սիրում ես քո ըներոջը, ապա դու այլ կերպ չես կարող վարվել, քան պատվիրանները պահելը։ Այդ մեկ օրենքը պահելով՝ դու հնազանդվում ես մնացած բոլոր օրենքներին։ Այն նաև թագավորական կամ արքայական օրենք է։

Այն ազատության կատարյալ օրենքն է, որովհետև ոչ ոք չի կարող քեզ հետ պահել սիրելուց։ Հենց որ դու որոշես սիրել, մարդիկ կարող են քո մասին ամեն տեսակ նվաստ բաներ ասել և քեզ վերաբերվել որպես խղճուկ մեկին, սակայն նրանք չեն կարող քեզ ետ պահել սիրելուց։ Միայն այն անձնավորությունը կատարյալ ազատություն ունի, ով սիրում է։

Հիսուսը սիրո ազատության կատարյալ օրինակն էր։ Իշխանություններն ամեն բան արեցին նրա դեմ. ծեծեցին նրան, խոցեցին նրա ձեռքերն ու ոտքերը, փշե պսակ դրեցին նրա գլխին, քացախ տվեցին, որ խմի, նախատեցին ու անարգեցին նրան։ Միակ բանը, որ նրանք չկարողացան անել, նրան սիրելուց հետ պահելն էր։ Նա իրենց սիրեց մինչև վերջ։ (Տե՛ս Ղուկաս 23:34)։

Եթե դու այս սիրով սիրես, ոչ ոք չի կարող քեզ հետ պահել անել այն, ինչ դու ուզում ես անել՝ սիրել։ Ահա թե ինչու է այն կոչվում «ազատության կատարյալ օրենք»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ դու մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ, որ որոշել եմ սիրել՝ ի հնազանդություն Աստծո ազատության կատարյալ օրենքին։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։