ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21. «ՉԱՐՉԱՐԱՆՔ ԵՎ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ»

Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՜, Հա՛յր»

Հռոմեացիներին 8:8-ում Պողոսը գրում է. «Որովհետև այնպես եմ դատում, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ»։ Եթե ցանկանում ենք թագավորել Քրիստոսի հետ, ուրեմն պետք է պատրաստվենք չարչարվելու։ 2-րդ Տիմոթեոսում կարդում ենք.

«Ճշմարիտ է այս խոսքը, որ եթե հետը մեռանք, հետն էլ կապրենք։ Եթե համբերենք, հետն էլ կթագավորենք, և եթե ուրանանք, նա էլ մեզ կուրանա։ Եվ եթե չհավատանք, Նա հավատարիմ կմնա. Իր անձը չի կարող ուրանալ»։

2-րդ Տիմոթեոս 2:11-13

Այսպիսով, տեսնում ենք, որ եթե չարչարվենք, ապա կթագավորենք. սակայն եթե ուրանանք Հիսուս Քրիստոսին, նա էլ մեզ կուրանա։ Մեր կյանքում ժամանակներ են գալիս, երբ մարտահրավեր է նետվում մեզ կա՛մ չարչարվել նրա հետ, կա՛մ ուրանալ նրան, իսկ հետևանքները հստակորեն դրված են մեր առջև։ (Տե՛ս, օրինակ, Գործք Առաքելոց 14:22, Փիլիպպեցիներին 1:29-30, 2-րդ Թեսաղոնիկեցիներին 1:4:10)։

Ես մի գեղեցիկ նկար ունեմ և ցանկանում եմ այն ձեզ նկարագրել։ Այն վերցված է խորանից և վերաբերում է նրա հիմնական գույներից երեքին, որոնք առկա էին հատկապես քահանայապետի պատմուճանի վրա. այդ գույներն են՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն։ Կապույտը խորհրդանշում է երկնքի գույնը. կրկնակի կարմիրը մարդկային էությունն է, ինչպես նաև արյունը. իսկ ծիրանագույնը կապույտի և կրկնակի կարմիրի կատարյալ խառնուրդն է, որը խոսում է Քրիստոսի՝ որպես մարմնացած Աստծո մասին։ Երկնքի կապույտը և երկրի կրկնակի կարմիրը խառնվում են, որպեսզի ծիրանագույն ստացվի։ Սա Հիսուս Քրիստոսի բնության մի գեղեցիկ պատկեր է՝ և՛ Աստված, և՛ մարդ՝ կատարելապես խառնված մի նոր գույնի մեջ։

Սուրբ Գրքում ծիրանագույնը երկակի իմաստ ունի. այն մատնանշում է թագավորական իշխանություն, ինչպես նաև չարչարանք։ Արքայության մեջ դու չես կարող ծիրանի հագնել, եթե նախ երկրի վրա չարչարանքի տեսքով այն չհագնես։ Եթե չարչարվենք, ապա կթագավորենք։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ ես Քո զավակն եմ։ Ես հռչակում եմ, որ եթե համբերեմ չարչարանքին, ապա նաև կթագավորեմ Քեզ հետ։ Ես որդեգրության հոգին եմ ընդունել, որով աղաղակում եմ. «Աբբա՛, Հա՛յր»։ Ամեն։