ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. «ԻՆՉ ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԼԻՆԻ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Երբ Աստվածաշունչն ասում է, որ պինդ բռնենք դավանությունը (Եբրայեցիներին 4:14), իրականում սրանից բխում է մի նախազգուշացում այն մասին, որ մենք այնպիսի նեղությունների կենթարկվենք, որոնց պատճառով գուցե հետ կանգնենք նրանից, ինչ ասել ենք։ Սակայն մենք չպետք է ընկրկենք, այլ պետք է պինդ բռնենք մեր այն դավանությունը, որը դավանում ենք։

Նախ, մենք ճիշտ դավանություն ենք անում՝ մեր բերանի խոսքերը համաձայնեցնելով Սուրբ Գրքի խոսքերին։ Ճիշտ այնպես, ինչպես Աստծո Խոսքում է գրված, մենք արտասանում ենք այն, ինչ Հիսուսն արել է մեզ համար։ Օրինակ, «Նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայա 53:5)։ «Աղքատացավ նա, որ (մենք) հարստանանք» (2-րդ Կորնթացիներին 8:9)։ «Նա ճաշակեց մահը, որ մենք կյանք ունենանք»։ (Տե՛ս Եբրայեցինորին 2:9)։ «Նա կրեց անեծքը, որպեսզի մենք օրհնություն ստանանք»։ (Տե՛ս Գաղատացիներին 3:13-14)։ Սրանք ճիշտ դավանություններ են։ Մենք անում ենք այս դավանությունները, իսկ հետո ինչ նեղությունններ էլ գան մեզ վրա, որքան շատ անհաջողություններ էլ լինեն, մենք պինդ բռնում ենք մեր դավանությունը։ Հենց սա է մեր հավատքն արդյունավետ դարձնում և Հիսուսին արձակում երկնքում մեր անունից քահանայապետական ծառայություն անելու։

Հավատքի միջոցով մենք հարաբերվում ենք այն բաների հետ, որոնք մեր զգայարանները չեն կարող ընկալել։ Քանի դեռ ստրուկ ենք մեր զգայարաններին, իրականում չենք կարող շարժվել հավատքի մեջ։ Պողոսն այս մասին հստակորեն ասում է 2-րդ Կորնթացիներին 5:7-ում . «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթով»։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ անում ենք կամ ինչպես ապրում ենք որպես քրիստոնյաներ, հիմնված է հավատի վրա՝ այն բանի վրա, թե ինչին ենք հավատում, այլ ոչ թե՝ ինչ ենք տեսնում կամ մեր զգայարաններն ինչ են ասում։ Մեր զգայարանները կարող են մեզ մի բան ասել, իսկ հավատը՝ այլ բան. այդ ժամանակ է գալիս ընդհարումը։ Եվ հենց այդ պատճառով է Եբրայեցիների նամակի հեղինակն ասում, որ դավանություն անենք, իսկ հետո այն պինդ բռնենք։ Եթե անգամ մեր զգայարաններն ասեն, որ դա այդպես չէ, ապա եթե Աստծո Խոսքն ասում է, որ այդպես է, ուրեմն այդպես է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ Դու մեր դավանության Քահանայապետն ես։ Ես հռչակում եմ, որ ես ճիշտ դավանություն կանեմ ու հետ չեմ կանգնի իմ դավանությունից, ինչ նեղություն էլ որ գա։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։