ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4. «ՄՏՔԻ ՃԻՇՏ ԴԻՐՔԸ»

Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը

Ասպարեզի ընթացքը հաջողությամբ վազելու համար անհրաժեշտ պայմաններից մեկը մտքի ճիշտ դիրք ունենալն է։ Այս ճշմարտությունը ներկայացված է Պողոսի խոսքերի մեջ, երբ նա խոսում է Հիսուս Քրիստոսի հետ իր հարաբերության մասին.

«Որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը և նրա չարչարանքին մասնակից լինելը՝ նրա մահվանը կերպարանակից լինելով, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ»։

Փիլիպպեցիներին 3:10-11

Պողոսը առանձնահատուկ նպատակ ուներ։ Նա աննպատակ չէր վազում։ (Տե՛ս 1-ին Կորնթացիներին 9:26)։ Նա իր առջև դրված նպատակ ուներ։ Նա գիտեր այն նպատակը, որը որոշել էր իր մտքի դիրքը։ Նա շարունակում է. «Ոչ թե արդեն հասել եմ կամ թե արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որ թերևս հասնեմ նրան, ինչպես որ հենց Հիսուս Քրիստոսն էլ հասավ ինձ» (խոսք 12)։ Պողոսի տեսիլքն այն էր, որ Հիսուսն իրեն որևէ նպատակի համար է հասել. իրականացնել այդ նպատակը նշանակում է, որ նա պետք է առնչություն ունենար այդ նպատակի հետ։ Նա պետք է վճիռ կայացներ, որ Քրիստոսի նպատակը դառնար իր նպատակը։

«Եղբայրնե՛ր, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա. հետևի բաները մոռանալով՝ դեպի առջևում եղողներն եմ ձգտում։ Հետևում եմ դեպի նպատակը՝ Հիսուս Քրիստոսով Աստծու վերին կոչման մրցանակին»։

խոսք 13-14

«Ձգտում եմ» բառը երկու անգամ է ի հայտ գալիս. մի անգամ 12-րդ խոսքում, մի անգամ էլ 14-րդ խոսքում։ Սա է այն մտքի դիրքը, որը մենք էլ Պողոսի հետ պետք է կիսենք. «Ես ձգտում եմ։ Ես նպատակ ունեմ։Դեռ չեմ հասել, սակայն գիտեմ, թե ուր եմ գնում»։ Երբ վերջին անգամ Պողոսն օգտագործում է այդ բառը, նա նաև ասում է. «Հետևում եմ դեպի նպատակը՝ Հիսուս Քրիստոսով Աստծու վերին կոչման մրցանակին»։ Մրցանակ կա նրանց համար, ովքեր հաջողությամբ կավարտեն իրենց ասպարեզի ընթացքը։ Միշտ պահենք այդ նպատակը մեր մտքում, քանի որ չենք ցանկանում կորցնել Աստծո սահմանած մրցանակը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես պահպանում եմ մտքի պատշաճ դիրքը՝ նպատակը պահելով իմ մտքում։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։