ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13. «ԳՈՀԱՆԱԼԸ ԱՐՁԱԿՈՒՄ Է ԲԵՐՈՒՄ»

Պինդ բռնենք շնորհը

Շնորհակալությունը կամ երախտագիտությունը պատշաճ արձագանք է այն բանին, ինչ Աստված արել է և անում է մեզ համար։ Այն մի բան է, որը պարտք ենք Աստծուն, մի բան, որ պետք է վճարենք։ Սակայն երախտագիտություն արտահայտելը գործ է անում նաև մեր հոգիներում։

Ես դա այսպես եմ ձևակերպում. շնորհակալությունը արձակում է մեր հոգիները՝ ընդունելի երկրպագության և ծառայության համար։ Ահա թե ինչու է Եբրայեցիների նամակի հեղինակն ասում. «Պինդ բռնենք շնորհը, որով հաճությամբ պիտի ծառայենք Աստծուն, ահով ու երկյուղածությամբ» (Եբրայեցիներին 12:28)։ Առանց երախտագիտության մեր ծառայությունն ընդունելի չի լինի Աստծուն։ «Երախտագետ վերաբերմունքն» է, որ մեր ծառայություններն ընդունելի է դարձնում և արձակում է մեր հոգիները։ Անշնորհակալ անձնավորությունը կապված է ինքն իր մեջ։ Նա եսակենտրոն է։ Նա իսկապես չի կարող իմանալ, թե ինչ է ճշմարիտ ազատությունը։

«Ամեն բանով գոհացե՛ք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։ Հոգին մի՛ հանգցրեք»։

1-ին Թեսաղոնիկեցիներին 5:18-19

Սա հստակ պատվիրան է. եթե չենք գոհանում, ուրեմն անհնազանդ ենք լինում, ինչպես նաև՝ Աստծո կամքից դուրս։ Բացի այդ, չգոհանալը մարում է Հոգուն։ Միմիայն գոհանալու միջոցով է Հոգին արձակվում՝ Աստծուն ընդունելի կերպով ծառայելու համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, այն ամենի համար, որ Դու արել ես իմ կյանքում։ Ես հռչակում եմ, որ երբ սուրբ և երկյուղ ներշնչող Աստծուն մոտենում եմ խոնարհ ու գոհունակ սրտով, ապա այս վերաբերմունքն իմ հոգին արձակում է ընդունելի երկրպագության և ծառայության համար։ Ես պինդ կբռնեմ շնորհը։ Ամեն։