ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. «ՆՈՒՅՆԱՑՈՒՄ ԽԱՉԻ ՀԵՏ»

Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ։

Հիսուսին նվիրվելը պահանջում է խաչի հետ նույնացում, ինչպես նաև դուրս գնալ դեպի իր խաչելության վայրը։ Այս նվիրումը երկու բան է բացառում. անձը հաճեցնելը և աշխարհին հաճեցնելը։

«Ի՛նձ նմանվեցեք, եղբայրնե՛ր, և այնպես ապրողների՛ն նայեցեք, ինչպես որ մեզ օրինակ ունեք։ Որովհետև շատերն են գնում, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, որ Քրիստոսի խաչի թշնամիներ են, որոնց վախճանը կորուստ է, որոնց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը, որոնք երկրային բաներն են մտածում»։

Փիլիպպեցիներին 3:17-19

Պողոսը խոսում է այն մարդկանց մասին, ովքեր միայն դավանում են, թե իբր քրիստոնյաներ են, սակայն խաչի թշնամիներ են, ովքեր հռչակում են, թե Քրիստոսի հետևորդն են։ Նրանք անձնատուր են լինում այս աշխարհին և երկրային բաներն են մտածում։ Խաչի սկզբունքը՝ մահ անձին և մարմնավոր բաներին, չի գործում նրանց կյանքում։ Նույնիսկ եկեղեցու մեջ շատերը նվիրվածություն են դավանում Քրիստոսի հանդեպ, սակայն մերժում են նրա խաչը։ Նրանց վախճանը կործանումն է։

Հիսուս Քրիստոսի խաչի հետ մեր նույնացմամբ բացառվում է նաև այս աշխարհին հաճեցնելը։ Հակոբոսը հետևյալ անողոք խոսքերն է ուղղում քրիստոնեադավան հավատացյալներին. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ աշխարհիս սերն Աստծու դեմ թշնամություն է։ Արդ ով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իր անձն Աստծու թշնամի կանի» (Հակոբոս 4:4)։ Հակոբոսն այս մարդկանց «շնացողներ» է կոչում։ Քրիստոսի հարսի՝ եկեղեցու մասնիկը դառնալը հոգևոր հավատարմություն է պահանջում. հարսը պետք անկեղծ լինի՝ ամբողջապես հավատարիմ և նվիրված Քրիստոսին։ Եթե Հիսուսի հանդեպ այդ նվիրումը պղծվում է այս աշխարհի սիրով, ապա մենք հոգևորապես շնացողներ ենք։ Մենք անհավատարիմ ենք Փեսային՝ Հիսուս Քրիստոսին։ Այս աշխարհին բարեկամ լինել նշանակում է հոգևոր շնություն գործել։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ դու ինձ կոչ ես անում այս աշխարհը ետևում թողնելու։ Հռչակում եմ, որ ես կիրառում եմ խաչի սկզբունքը՝ մահ անձին և մարմնավոր բաներին։ Ես բանակատեղից դուրս կգնամ Նրա մոտ։ Ամեն։