ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. «ՆՐԱ ՎՏԱՐՈՒՄԸ, ՄԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ

Ղևտացիների գրքի տասնվեցերորդ գլխում կարդում ենք Քավության օրվա մասին, մասնավորապես՝ ազատ արձակվող նոխազի մասին։ Այդ օրվա համար երկու նոխազ էր անհրաժեշտ։ Նոխազներից մեկը մեղքի զոհի համար էր, և այն սպանվում էր։ Մյուսը, որ կոչվում էր ազատ արձակվող նոխազ (Ղևտացիներին 16:8), անապատ էր տարվում։ Այն տարվում էր մի ամայի տարածք՝ այնտեղ անհույս թափառելու և ծարավից մահանալու։ Այն երբեք չէր վերադառնում։

Հիսուսը ազատ արձակվող նոխազն էր Քավության օրվա պատկերում։ Նա վտարվեց Ամենակարող Աստծո ներկայաությունից։ Հիսուսն իրականում ներկայացնում է այդ նոխազներից երկուսին էլ։ Որպես մեղքի զոհ՝ նա մահացավ խաչի վրա։ Իսկ որպես ազատ արձակվող նոխազ՝ նա վտարվեց Աստծո ներկայությունից՝ մեր փոխարեն կրելով մեր մերժվածությունը։ Վտարման հականիշը ընդունելությունն է։ Այդ մասին գրված է Եփեսացիներին 1:6-ում. «Նրանով մեզ շնորհ ցույց տրվեց [ընդունելի դարձրեց] այն Սիրելիով»։

Բոլորս պետք է հասկանանք, որ մենք ընդունված ենք։ Դարձյալ նշեմ, որ մեր օրերում մարդկանց մեծագույն խնդիրներից մեկը մերժվածության զգացողությունն է։ Ցանակացած համայնքում, կարող եմ երաշխավորել, որ կան որոշ մարդիկ, ովքեր պայքարում են մերժվածության այդ զգացողության դեմ։ Մեծ մասամբ այս զգացողությունն առաջանում է ծնողների պատճառով. մեծանալով՝ նրանք գուցե երբեք էլ չեն հավատացել, թե իրենց ծնողներն իսկապես ցանկանում են իրենց, և այսպես նրանք երբևէ չեն սովորել ընդունված լինել։ Նրանք իրենց կյանքն ապրում են՝ զգալով իրենց մերժված, դժբախտ, անկարող մարդկանց հետ հարաբերության մեջ մտնելու, անկարող սեր ցուցաբերելու, քանի որ երբեք սեր չեն զգացել։

Իմ փորձառությունից սովորել եմ, որ նման մարդկանց օգնելու լավագույն բանալիներից մեկը նրանց այն վստահությունը հաղորդելն է, որ իրենք ընդունված են Աստծո կողմից։ Սփոփանք է տալիս նաև գիտենալը, որ նա գիտի, թե ինչ է մերժվածության ցավը, քանի որ ոչ ոք այդպես կատարելապես չի մերժվել, ինչպես նա, երբ մեր մեղքերի համար մահացավ խաչի վրա։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու ինձ կանչում ես՝ այս աշխարհը ետևում թողնելու։ Ես հռչակում եմ, որ ընդունված եմ այն Սիրելիով, որովհետև Հիսուսը վտարվեց Ամենակարող Աստծո ներկայությունից։ Ես բանակատեղից դուրս կգնամ նրա մոտ։ Ամեն։