ԱՊՐԻԼԻ 1. «ԱՍՏՎԱԾ ԱՐՁԱԳԱՆՔ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

Տերը չի լքի իր ժողովրդին:

Հավատում եմ, որ Աստված իրեն հավատացող ժողովրդից արձագանք է պահանջում այն բանի վերաբերյալ, ինչ Նա անում է Իսրայելում և Միջին Արևելքում: Մեզ թույլ չի տրվում մնալ չեզոք, անզգա կամ անտարբեր: Աստված արձագանք է պահանջում: Երեմիայի գրքում մարգարեն մեզ ասել է, թե Տերն ինչ է մեզ պատվիրում անել.

«Ուրախությամբ երգեցե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ազգերի գլխի վրա, բարձրաձայն գովաբանեցե՛ք ու ասե՛ք՝ փրկի՛ր, ո՛վ Տեր, քո ժողովրդին` Իսրայելի մնացորդին»:

Երեմիա 31:7-8

Աստվածաշնչի Նոր Ամերիկյան Ստանդարտ թարգմանությունն ասում է. «Հռչակե՛ք, փա՛ռք տվեք և ասե՛ք» (խոսք 7): Այս երկու տարբերակները համադրելով` ես գտնում եմ, որ կան հինգ արձագանքներ, որոնք պահանջում է Աստված: Որոշ իմաստով նրանք բոլորն էլ ձայնային են. երգե՛ք, գոչե՛ք, գովաբանե՛ք, հռչակե՛ք և ասե՛ք (կամ` աղոթե՛ք):

Ինչի՞ն ենք մենք արձագանքում. Հակոբի մնացորդի վերամիավորմանը: Ու՞մ է ուղղված այս պատվերը.եկեղեցուն, մեզ, որ հավատում ենք, թե Աստվածաշունչն Աստծո խոսքն է, և որին պետք է հնազանդվենք:

Աստված դիմում է մեզ, որ բարեխոսենք Իսրայելի համար: Նա ասում է. «Ես վերականգնում եմ իմ ժողովրդին: Վերամիավորում եմ նրանց և դիմում եմ ձեզ, որ աղոթքների միջոցով միանաք Ինձ և Իմ նպատակին»: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է գնահատենք սա որպես Աստծո մասին առեղծվածային փաստերից մեկը: Երբ Նա մտադրված է որևէ բան անելու, Նա կասի Իր ժողովրդին. «Աղոթե՛ք, որ Ես անեմ սա»: Այլ խոսքերով՝ Նա ասում է. «Սա իմ մտադրությունն է, բայց այն չի կատարվի, մինչև որ դուք աղոթեք»:

Որպես քրիստոնյաներ` մենք վիթխարի պատասխանատվություն ունենք` ամբողջությամբ հանձնված լինելու պատմության մեջ Աստծո նպատակների իրագործմանը:

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու հավատարիմ ես Իսրայելին: Ես հիմա բարեխոսում եմ այդ ազգի համար: Հռչակում եմ, որ Տերը վերականգնում և վերամիավորում է Իր ժողովրդին, ու ես միաբանում եմ իմ աղոթքները այլ հավատացյալների աղոթքների հետ: Տերը չի լքի Իր ժողովրդին: Ամեն: