ԱՊՐԻԼԻ 4. «ՄԵՐ ԿԱՐԻՔԸ ՆԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ»

Հիսուսը պատժվեց, որ մենք ներված լինենք

Ի՞նչն է «ներում» բառը դարձնում այդքան առանձնահատուկ և գեղեցիկ: Լավ խորհե՛ք ներումից հոսող արդյունքներից մի քանիսի մասին. հաշտություն, խաղաղություն, ներդաշնակություն, հասկացողություն, ընկերակցություն: Կամ էլ խորհե՛ք այն հետևանքներից որոշների մասին, որոնք գալիս են ներելու և ներված լինելու մեր ձախողումից. դառնություն, վեճ, աններդաշնակություն, ատելություն, պատերազմ: Երբեմն թվում է, թե մարդկային ցեղը այս չար, բացասական ուժերի կողմից ջախջախվելու վտանգի մեջ է: Մենք կարող ենք խուսափել այս սարսափելի կործանումից, միայն եթե սովորենք ու կիրառենք ներման սկզբունքները:

Եկե՛ք հիշենք ներման այն երկու ուղղությունները, որոնք ներկայացված են Աստվածաշնչում: Դրանք լավ պատկերվում են մեր քրիստոնեական հավատքի խորհրդանիշով` խաչով, որը երկու ճառագայթ ունի` մեկը ուղղահայաց և մյուսը հորիզոնական: Այս երկու ճառագայթները ներկայացնում են ներման երկու ուղղությունները. ուղղահայաց ճառագայթը ներկայացնում է այն ներումը, որը կարիք ունենք ստանալ Աստծուց, հորիզոնական ճառագայթը ներկայացնում է այն ներումը, որը կարիք ունենք ստանալ ուրիշներից, ինչպես նաև այն ներումը, որը մենք պետք է տարածենք: Այս տեսակ ներման համար շնորհը գալիս է միմիայն խաչի միջոցով:

Այն ներումը, որը կարիք ունենք ու կարող ենք ստանալ Աստծուց, գեղեցկագույնս մեկնաբանվում է սաղմոս 31:1-2-ում, որտեղ Դավիթն ասում է.

«Երանի՜ նրան, որի անօրենությունը թողվեց, և որի մեղքը ծածկվեց: Երանի՜ այն մարդին, որ Տերն անօրինություն չի համարում նրան, և նենգություն չկա նրա հոգու մեջ»:

Բացի այդ, Աստվածաշունչը չի խոսում գոնե մեկ մարդու մասին, ով չունի ներման կարիք: Այն հստակորեն ցույց է տալիս, որ բոլորս կարիք ունենք Աստծուց ներում ստանալու: Չկա ոչ մի բացառություն: Այլ սաղմոսներ մեզ ասում են` չկա մի մարդ, որ մեղք չգործի (տե՛ս, օրինակ` սաղմոս 14:1-3, 53:1-3): Մենք բոլորս մեղանչել ենք, հետևաբար, մենք բոլորս ներման կարիք ունենք:

Շնորհակալություն, Հիսու՛ս, ինձ փոխարեն խաչի վրա մահանալու համար: Ես ընդունում եմ իմ իսկ կարիքը ներման համար և հռչակում եմ` Հիսուսը պատժվեց, որ ես ներված լինեմ: Ամեն: