1. ՀՈՒՆՎԱՐԻ 10. «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։

«Տիրոջ փրկվածներն ասեն, որ Նա նրանց փրկեց թշնամու ձեռքից»։

Սաղմոս 107:2

Ոմանք գուցե իմանան, որ փրկագնվել են սատանայի ձեռքից, իսկ ոմանք էլ՝ ոչ։ Բայց ես շատ լավ գիտեմ, թե որտեղ էի մինչև Հիսուսի՝ իմ կյանքի մեջ գալը. ես ոչ մի կասկած չունեմ դրա համար։ Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել սատանայի ձեռքի մեջ և երբեք չէի ուզենա նորից լինել այնտեղ։ Ես նույնպես գիտեմ, համաձայն Աստվածաշնչի, որ Հիսուսի արյունն էր, որ ինձ դուրս հանեց սատանայի ձեռքից և փոխադրեց ինձ Բարի Հովվի ձեռքերի մեջ։ Հիսուսն ասաց իր ժողովրդի համար. «Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ոք նրանց իմ ձեռքից չի հափշտակի» (Հովհաննես 10:28): Սա սատանայի ձեռքից փոխադրումն է Տիրոջ ձեռքի մեջ։

Սակայն նկատեք, որ այս փոխադրումն արդյունավետ է և կարելի է դրանից օգուտ քաղել միայն այն ժամանակ, երբ մենք մեկ բան ենք անում, երբ մենք ասում ենք հետևյալը. «Տիրոջ փրկվածներն ասեն, որ Նա նրանց փրկեց թշնամու ձեռքից»։ Եթե դուք փրկված եք, ասե՛ք այս խոսքերը։ Եթե չեք ասում այն, ձեր քավությունն արդյունավետ չէ։ Ձեր վկայության խոսքն է, որ Արյունն արդյունավետ է դարձնում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նրա արյամբ ես թշնամու ձեռքից փոխադրվել եմ Տիրոջ ձեռքի մեջ։ Հիսուսի արյամբ ես փրկագնված եմ սատանայի ձեռքից։ Ամեն։