ՄԱՅԻՍԻ 1. «ՓՐԿԱԳՆՎԱԾ ԱՆԵԾՔԻՑ»

Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ

Եկե՛ք քննարկենք Քրիստոսի միջոցով ստացած մեր փրկագնման էությունն ու գործունեության շրջանակը: Այսօր Սուրբ Գրքից կնայենք Գաղատացիներին 3:13-14 խոսքերը.

«Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից` մեզ համար անեծք լինելով (վասնզի գրված է, թե անիծյալ լինի ամեն փայտից կախվածը), որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Հիսուս Քրիստոսով, որ մենք Սուրբ Հոգու խոստումն ընդունենք հավատքով»:

Պողոսն այստեղ մեջբերում է Մովսեսի օրենքից, որը մանրամասն ներկայացված է Երկրորդ Օրինաց գրքում, որտեղ Աստված ասում է, թե նա, ով ծառից կախված մահանա, անեծքի տակ է (ծառ բառը նաև նշանակում է փայտի կտոր, որից խաչ էին պատրաստում): Այդպիսի մարդու` անեծքի տակ լինելու փաստն այն է, որ նա տեսանելիորեն կախված է փայտից:

Օրենքի անեծքից մեզ փրկագնելու համար Քրիստոսն ինքը անեծք դարձավ: Սա կատարվեց ի տես բոլորի, երբ նա կախվեց խաչից: Անհրաժեշտ էր, որ նա անեծք դառնար, որովհետև Աստծո դեմ բոլոր մեղքերին ու անհնազանդությանը հետևում է Աստծո անեծքը:

Խաչի վրա կատարվածի գաղտնիքն այն էր, որ տեղի ունեցավ երկնքի կողմից սահմանված փոխանակում` մի բան, որ բնական աչքը չէր կարող տեսնել, սակայն դա հնարավոր էր հասկանալ Սուրբ Հոգու և Սուրբ Գրքի միջոցով ստացած Աստծո հայտնությամբ: Քրիստոսը անեծք դարձավ. նա վերցրեց մեր մեղքի ու անհնազանդության պատճառած անեծքը, որպեսզի մենք, փոխարենը, իրեն հավատալով, մտնենք այն օրհնության մեջ, որն իր անմեղ հնազանդության արդյունք է:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ օրենքի անեծքից ինձ փրկագնելու համար Քրիստոսը անեծք դարձավ: Հիսուսը անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: