ՀՈՒԼԻՍԻ 17. «ՄԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ»

Ես Քրիստոսի մարմնի անդամ եմ

Եփեսացիներին 1:22-23-ում Պողոսը ներկայացնում է երկրի վրա Աստծո ժողովրդի նկարագիրը։ Նա ասում է. «եկեղեցին…, որ է նրա (Քրիստոսի) մարմինը»։ Պողոսը զարգացնում է այս միտքը Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում՝ ասելով. «Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները» (1-ին Կորնթացիներին 12:27)։ Նա ֆիզիկական մարմնի զանազան օրինակներ է օգտագործում՝ շեշտելու, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, միմյանցից փոխադարձ կախում ունենք. մենք բոլորս միմյանց կարիքն ունենք։

Եկեղեցու՝ որպես Քրիստոսի մարմնի ամենալիարժեք և հեղինակավոր պատկերը նկարագրված է Եփեսացիներին ուղղված նրա նամակում։ Ամենաէականը, հետևաբար, այն է, որ նա ամբողջ նամակում քրիստոնյաների մասին խոսում է հոգնակի թվով։ Նա, փաստորեն, ոչինչ չուներ ասելու անհատ քրիստոնյաների վերաբերյալ (տես՝ Եփեսացիներին 1:3-12)։ Եփեսացիների թղթի մնացած մասի մանրազնին ընթերցանությունը կհաստատի, որ սա է այդ թղթի պատգամը սկզբից մինչև վերջ։ Անհատների համար որևէ խոստում կամ աղոթք չկա։ Միայն վերջին վեց խոսքերում մի հակիրճ բացառություն կա. Պողոսն իր խոսք ավարտում է՝ խնդրելով, որ հատուկ կերպով աղոթեն իր համար։

Քրիստոսի հավաքական մարմնի վրա այս կենտրոնացումն իր գագաթնակետին է հասնում Եփեսացիներին 6:10-18-ում, որտեղ Պողոսը խոսում է մեր հոգևոր պատերազմի մասին։ 12-րդ խոսքում բոլոր բանալի բառերը հոգնակի թվով են դրված՝ թե՛ Աստծո ժողովրդին և թե՛ հակառակ ուժերին վերաբերող բառերը. մենք պատերազմում ենք իշխանությունների, պետությունների, աշխարհակալների և չար հոգիների դեմ։

Նմանօրինակ պատկեր ունեցող պատերազմը ոչ թե անհատների միջև բախում է, այլ` հակառակորդ բանակների լայնածավալ պատերազմ։ Այստեղ տեղ չկա իրենց անհատական նպատակները հետապնդող «միայնակ թափառականների» համար։ Հաղթանակը կպահանջի համակարգված և համաձայնեցված գործողություն Աստծո ժողովրդի կողմից, ովքեր գործում են միասնականորեն որպես մեկ մարմնի անդամներ։ Սրա համար անհրաժեշտ է կարգապահություն և սուրբգրային իշխանությանը հնազանդվելու պատրաստակամություն։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ ինձ Քո մարմնի անդամը դարձրիր։ Հռչակում եմ, որ ես մենակ չեմ, այլ հաստատուն կանգնած եմ Քրիստոսի մարմնի մնացած անդամների հետ, քանի որ ես Քրիստոսի մարմնի անդամ եմ։Ամեն։