ՕԳՈՍՏՈՍԻ 18. «ՄԵԿ ԶՈՀՈՎ»

Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ

«Որովհետև մեկ զոհով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց»։

Եբրայեցիներին 10:14

Այս մեկ նախադասությունը կարող ենք ներկայացնել երկու նախադասությամբ. «Որովհետև մեկ զոհով հավիտյան կատարյալ դարձրեց նրանց, ովքեր սրբվում են»։ Առաջին նախադասությունը կատարյալ ժամանակաձևով է դրված. «Որովհետև մեկ զահով… հավիտյան կատարյալ դարձրեց»։ Կարող ենք ասել, որ զոհը կատարելապես կատարյալ է։ Այն ամբողջությամբ ավարտված է։ Անմիջապես այս արտահայտությունից առաջ Եբրայեցիների թղթի հեղինակն ասում է, որ Հին Կտակարանի քահանաները միշտ կանգնած էին՝ կրկին և կրկին մատուցելով նույն զոհերը, որոնք չէին կարող մեղքերը վերցնել։ Այնուհետև հեղինակը Հիսուսի մասին ասում է.

«Բայց սա, մեղքերի համար մեկ զոհ մատուցելով, մշտնջենապես Աստծու աջ կողմը նստեց»:

Եբրայեցիներին 10:12

Նկատե՛ք հակադրությունը, որն առկա է Հին Կտակարանի քահանաների, ովքեր կանգնած էին, և Հիսուսի միջև, ով մատուցեց իր զոհը և նստեց։ Ինչու՞ Հիսուսը նստեց։ Որովհետև նա այլևս ոչինչ չուներ անելու։ Նա ամեն ինչ ավարտել էր։ Մինչդեռ Հին Կտակարանի քահանաների գործը երբեք չէր ավարտվում, քանի որ նրանց զոհերը բավարար չէին իրական խնդիրը լուծելու համար, իսկ խաչի վրա կատարած Հիսուսի գործը ավարտուն և վերջնական գործ էր։

Ինչ էլ որ Հիսուսը երբևէ արել է, այն ավարտուն և վերջնական է։ Ոչինչ չի կարող ավելացվել դրան, և ոչինչ չի կարող հեռացվել դրանից։ Հիսուսի զոհը հավիտյան վավերական է։ Սա է կատարյալ ժամանակաձևը։

Այնուհետև, խոսելով նրանց մասին, ովքեր յուրացնում են այդ զոհը, Եբրայեցիների հեղինակը գրում է. «Որովհետև մեկ զոհով սրբվողներին հավիտյան կատարյալ դարձրեց» (Եբրայեցիներին 10:14)։ «Սրբվողները» դրված է ենթակայական դերբայով, որը ցույց է տալիս ներկայում ընթացող գործողություն։ Այն, ինչ Հիսուսն արեց, կատարյալ էր, իսկ մեր կողմից դրա յուրացումը շարունակական է։ Սրբվելով, Աստծո համար ավելի ու ավելի առանձնացվելով, Նրան ավելի մոտենալով և ավելի շատ նախապատրաստություններ ու խոստումներ յուրացնելով՝ մենք ավելի խորն ենք մտնում զոհով նախապատրաստած պաշարների մեջ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ մեկ զոհով Հիսուսը կատարյալ դարձրեց նրանց, ովքեր սրբվում են, և սա ներառում է նաև ինձ։ Ես կատարյալ եմ Քրիստոսի մեջ։ Ամեն։