ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26. «ՄԵՐ ԱՆԳԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

Իմ Հայրն է ստեղծել ինձ

Եկե՛ք մի պահ նայենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այն նյութի մասին, որից մարդկային մարմինը պատրաստվեց։ Ձեզանից որոշները չգիտեն, որ Աստվածաշունչը բավականին շատ բան ունի ասելու այդ մասին։

Ինձ վշտացնում է այն, երբ քրիստոնյաները թերագնահատում են իրենց մարմինները և նրանց մասին այնպես են խոսում, կարծես դրանք ստորակարգ են և աննշան կարևորություն ունեն։ Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր մարմինները հրաշքներ են։ Եթե ձեր ավտոմեքենան ամբողջությամբ վթարի է ենթարկվել, և դուք ստիպված եք այն փոխել, ապա ձեզ պետք է ընդամենը որոշ քանակությամբ գումար, և դուք նոր ավտոմեքենա կգնեք։ Սակայն եթե վնասեք նույնիսկ մեկ աչքը, ոչ մի կերպ չեք կարող վճարել նոր աչք ձեռքբերելու համար։ Այն անգին է։ Այսպես է նաև մարմնի ամեն մի կարևոր օրգանի դեպքում։ Ինձ վշտացնում է այն, երբ տեսնում եմ, որ քրիստոնյաներն ավելի շատ խնամք են տանում իրենց ավտոմեքենաների համար, քան թե՝ իրենց իսկ մարմնի համար։ Սա արժեքների շատ հիմար դասակարգում է։

Սաղմոս 139-ը մի սաղմոս է, որը Դավիթը գրեց որպես խորհրդածում իր մարմնի հրաշալիքների վերաբերյալ։ Դավիթն ասաց Տիրոջը.

«Գոհանում եմ Քեզանից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ հասկացել է»։

Սաղմոս 139:14

Դավիթը խոսում էր իր ֆիզիկական մարմնի մասին։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք դուք էլ նույն բառերը կարող եք ասել ձեր իսկ մարմինների վերաբերյալ։ Դա կփոխեր ձեզանից որոշների վերաբերմունքը։ Որոշ քրիստոնյաների համար իրենց մարմինը բեռ է։ Թվում է, թե նրանք կցանկանային չունենալ մարմնի խնդիրը։ Սա սխալ տեսակետ է։ Հենց հիմա բարձրաձայն ասե՛ք այս խոսքերը. «Գոհանում եմ քեզնից, որ ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի»։

Շնորհակալությու՛ն, Հա՛յր, որ գործում ես իմ մեջ։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինն անգին է, և ասում եմ. «Գոհանում եմ, որ ահավոր և զարմանալի ստեղծվեցի»։ Իմ Հայրն է ստեղծել ինձ։ Ամեն։