ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. «ՀԱՎԱՏԱԼ ԵՎ ՄՏՆԵԼ»

Զգուշանա՛նք, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանանք

«Բայց մենք՝ հավատացյալներս, մտնում ենք այն հանգիստը, ինչպես ասաց (մեջբերում է 95-րդ սաղմոսից). «Քանի որ Իմ բարկությամբ երդվեցի, թե Իմ հանգիստը չպիտի մտնեն», թեև (Աստծո) գործերն աշխարհի սկզբից կատարվել էին, որովհետև մի տեղ յոթներորդ օրվա մասին այսպես է ասում. «Եվ Աստված յոթներորդ օրը հանգիստ առավ Իր բոլոր գործերից»։ Եվ այստեղ դարձյալ ասում է. «Իմ հանգիստը չպիտի մտնեն»։

Եբրայեցիներ 4:3-5

Այս հատվածում «հավատացյալներ» բառը նշանակում է, որ արդեն հավատացել ենք, իսկ «մտնում ենք» բառը դրված է ներկա ժամանակով։ Նախքան Աստծո հանգիստը մտնելը, մենք պետք է արդեն հավատացած լինենք։ Մենք շարունակաբար չենք հավատում. այն մի բան է, որը մեկ անգամ է արվում։ Մենք կայացրել ենք որոշումը և այս հիմքի վրա կարող ենք առաջանալ դեպի Նրա հանգիստը։ Նրանք, ովքեր շարունակաբար պետք է որոշեն նորովի հավատալ, հարմար չեն հանգիստը մտնելու համար։ Միայն մենք ենք՝ հավատացյալներս, որ մտնում ենք հանգիստը։

Շարունակելով հանգստի այս թեման՝ եկե՛ք մի պահ անդրադառնանք Հին Կտակարանին։ Ծննդոց 2:2-ն ասում է. «Եվ Աստված յոթներորդ օրն ավարտեց իր գործը, որ արել էր, և յոթներորդ օրը հանգստացավ իր բոլոր գործից, որ արել էր»։

Աստծո հանգիստն այն է, որ Նա դադարեց այն բոլոր գործից, որ արել էր։ Հավատում եմ, որ Աստված հանգստացավ ոչ այն պատճառով, որ հոգնել էր։ Փոխարենը Նա հաճույք էր ստանում հանգստից։ Նա հետ նստեց, հայացք գցեց այն ամենին, ինչ արել էր, և ժամանակ հատկացրեց այն վայելելու համար։

Մեզանից քանիսնե՞րն են, որ երբևէ ժամանակ են հատկացնում՝ վայելելու այն, ինչ կատարել կամ պատրաստել են։ Այսօր շատերը, դեռ մի գործը չավարտած, արդեն մյուսն են սկսում։ Բայց և այնպես, Աստված հետևյալ կաղապարը սահմանեց. որևէ բան ավարտելուց հետո ժամանակ հատկացնել այն վայելելու համար։ Ինչ էլ որ անես, աստվածահաճո է հանգստանալ և վայելել այն։ Իրականում, հանգստանալու կարողությունը աստվածային կարողություն է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Քո հանգիստը մտնելու խոստման համար։ Ես հռչակում եմ, որ Աստծո հանգիստը մեկն է այն հաճույքներից, որ Աստված ուզում է կիսել մեզ հետ. Նա ցանկանում է, որ ես մտնեմ այն հանգիստը, որն Ինքը մտավ։ Այսպիսով, ես պետք է զգուշանամ, որ Քրիստոսի հանգիստը մտնելուց չուշանամ։ Ամեն։