ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26. «ՍԻՐՏԸ ԵՎ ԲԵՐԱՆԸ»

Պի՛նդ բռնենք դավանությունը

Հռոմեացիներին տասներորդ գլխում ավելի հստակ քան որևէ այլ տեղ Նոր Կտակարանում, Պողոսը բացատրում է, թե ինչ է անհրաժեշտ փրկության համար։ Նա այսպես է սկսում.

«Խոսքը քեզ մոտիկ է, քո բերանում և քո սրտում է, այսինքն՝ հավատի խոսքը, որ մենք քարոզում ենք, որովհետև եթե Հիսուսին բերանովդ Տեր դավանես և սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես»։

Հռոմեացիներին 10:8-9

Փրկության հիմքը Խոսքն է, որն էլ պետք է յուրացվի հավատքով։ Այնուհետև մենք երկու բան պիտի անենք՝ մեկը սրտով, մյուսը՝ բերանով։ Պետք է սրտով հավատանք, բայց պետք է բերանով դավանենք կամ բարձրաձայնենք։ Պողոսը շարունակում է.

«Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար և բերանով դավանում են փրկվելու համար»։

Հռոմեացիներին 10:10

Տեսնու՞մ եք։ Չկա դավանություն, չկա նաև փրկություն։ Լավ է սրտում հավատալը, սակայն միայն հավատը բավարար չէ։ Մենք ոչ միայն պետք է հավատանք մեր սրտում, այլ նաև պետք է համարձակորեն բարձրաձայնենք մեր բերանով՝ մեր բերանի խոսքերը համաձայնեցնելով Աստծո Խոսքի հետ։ Մեր սկզբնական դավանությունը Հիսուսին դարձնում է մեր Քահանայապետը, սակայն որպես Քահանայապետ մեր օգտին նրա շարունակական ծառայությունը կախված է մեր շարունակական դավանություններից։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու մեր դավանության Քահանայապետն ես։ Հռչակում եմ, որ ես և՛ իմ սրտում հավատում եմ, և՛ իմ բերանով դավանում եմ Աստծո խոստումներն ինձ համար։ Ես պինդ կբռնեմ իմ դավանությունը։ Ամեն։