ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. «ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ»
Ընթանանք դեպի հասունություն։

«Դեպի կատարյալը գանք՝ առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերի ապաշխարության և Աստծուն հավատալու համար, և մկրտությունների ուսմունքի, ձեռնադրության, մեռելների հարության ու հավիտենական դատաստանի համար»։

Եբրայեցիներին 6:1-2

Մենք ջանում ենք գնալ դեպի կատարելություն։ Ցավոք, ինչպես արդեն նշել եմ, կատարելություն բառն անհրապույր է թվում քրիստոնյաների մեծամասնությանը մեղքից զուրկ կատարելության այն վարդապետությունների պատճառով, որի ազդեցությանը նրանք ենթարկվել են։ Շատ դեպքերում նրանք, ովքեր պնդում են, թե իբր հասել են կատարելության, ճիշտ հակառակն են ցույց տալիս իրենց խոսքերով, վարմունքով և ապրելակերպով։ Այս կեղծավոր վերաբերմունքը մարդկանց հետ է պահել կատարելությանը հետապնդելուց։

Կցանկանայի հիշեցնել ձեզ կատարյալ բառի այն երեք տարբեր թարգմանությունները, որոնք ավելի ճիշտ իմաստ են տալիս. «հասունություն», «լրացում» և «ամբողջացում»։ «Կատարելություն» թարգմանված հունարեն բառը ծագում է մի գոյականից, որը նշանակում է «ավարտ»։ Հետևաբար այն առաջարկում է նպատակ կամ խնդիր, դեպի որը մենք շարժվում ենք։ Կարծում եմ՝ բոլորս էլ համաձայն ենք, որ հոգևոր նպատակ ունենալը ցանկալի է։ Հավատքով մտնելով արդարության ճանապարհի մեջ՝ մենք կարող ենք կա՛մ առաջ ընթանալ, կա՛մ էլ հետ դառնալ։ Աստծուն չի հաճեցնի այն մարդը, ով հետ կդառնա, այսպիսով մենք պատկանում ենք նրանց թվին, ովքեր առաջ են շարժվում դեպի իրենց հոգիների լիակատար փրկություն (տե՛ս Եբրայեցիներին 10:38-39)։

Երկու բան կա. իրականը և կատարյալը։ Հասուն լինել նշանակում է տեսնել կատարյալը և այն ապրել իրականում։ Հասուն չլինել նշանակում է ընդունել իրականը և մերժել կատարյալը, ինչպես նաև, ընդունելը միայն այն, ինչը կատարյալ է, և իրականը մերժելը թերհասություն է։ Մի՛ քննադատիր իրականը միայն այն պատճառով, որ տեսել ես կատարյալը։ Մի՛ մերժիր կատարյալը միայն այն պատճառով, որ տեսնում ես իրականը։ Հասունություն նշանակում է ապրել իրականով, բայց պինդ բռնել կատարյալը։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու առաջնորդում ես ինձ իմ ընթացքի մեջ։ Հռչակում եմ, որ ես պատկանում եմ նրանց թվին, ովքեր շարժվում են դեպի իրենց հոգիների լիակատար փրկություն, որը հասունության, լրացման և ամբողջացման նպատակն է։ Ես կընթանամ դեպի հասունություն։ Ամեն։