Մոտենանք Սրբարանին։

Հին Կտակարանում Ղևտացիների գիրքը պարունակում է Իսրայելի՝ ահարոնյան քահանայության ծիսակարգերը։ Տերն ասաց. «Որովհետև մարմնի հոգին արյան մեջ է, և Ես ձեզ տվեցի այն, որ սեղանի վրա ձեր հոգիների համար քավություն անեք, որովհետև արյունն է, որ քավություն է անում իր մեջ եղող հոգով» (Ղևտացիներին 17:11)։

Դա մի զարմանահրաշ մարգարեություն է, որը Հիսուսի միջոցով իրականացավ տասնչորս դար անց։ Հոգին եբրայերեն նեֆեշ բառն է։ Մարդկային էակի արյան մեջ ոչ միայն նրա կյանքն է, այլ նաև՝ էությունը։ Բոլորս գիտենք, որ երբ մարդու արյան շրջանառությունը դադարում է, ապա կյանք այլևս չկա։ Որոշ իմաստով, կյանքը կախված է արյունից։

Ղևտացիների նախորդ գլխում՝ Քավության օրվա արարողակարգի ժամանակ, Մովսեսն իր եղբորը՝ քահանայապետ Ահարոնին, ասաց, որ վերջինս կարող էր տարին միայն մեկ անգամ մտնել Սրբարան՝ Աստծո անմիջական ներկայության մեջ։ Նա պետք է մտներ՝ մի ձեռքում ածուխով լի բուրվառը՝ վրան խունկ լցրած, որպեսզի բուրումնավետ ամպ կանգնեցներ, իսկ մյուս ձեռքում՝ մեղքի զոհի արյունը, որը պետք է մորթված լիներ խորանի առջև։ Եթե նա չունենար և՛ բուրումնավետ խնկով լի բուրվառը, և՛ զոհաբերված կենդանու արյունը, ապա հետևանքը կլիներ նրա մահը։ Առանց այս երկու տարրերի մուտք չկա Աստծո մոտ։

Բուրումնավետ խնկով լցված բուրվառը գեղեցիկ կերպով խորհրդանշում է երկրպագությունը։ Առանց երկրպագության երբեք չենք գալիս Աստծո անմիջական ներկայության մեջ։ Եվ ոչ էլ առանց արյան ենք գալիս, որը խոսում է մեր մեղքերի քավության մասին։ Հին Կտակարանի այս երկու պատկերները մարգարեական նմուշներ են՝ նախապատկերն այն բանի, ինչը պետք է իրականանար Նոր Կտակարանում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Հռչակում եմ, որ երկրպագությամբ և քավության արյամբ ես գալիս եմ Աստծո անմիջական ներկայության մեջ։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։