ՆՈՅԵՄԲԵՐԻ 27. «ՈՒՆԱՅՆԱՑՆԵԼՈՎ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ»

Զգույշ լինենք իրար նկատմամբ։

Փիլիպպեցիներին 2-րդ գլխում Պողոսն ասում է, որ մենք կարիք ունենք հետևելու Հիսուսի օրինակին։ Ես միշտ ասում եմ, որ մեր վերաբերմունքն է որոշում մեր մոտեցումները, իսկ մեր մոտեցումները որոշում են արդյունքը։ Ահա մի վերաբերմունք, որը պետք է զարգացնենք մեր մեջ. «Ձեզանից յուրաքանչյուրը թող այն մտածմունքն (վերաբերմունքը) ունենա, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն ունայնացրեց… ծառայի կերպարանք առնելով» (Փիլիպպեցիներին 2:5-7)։ Ծառա թարգմանված բառը հունարենում բառացի նշանակում է ստրուկ։ Այսպիսով, տեսնում ենք , որ Հիսուսը, ով ամենի Տերն էր, ունայնացրեց իր անձը և կամեցավ դառնալ ծառա՝ ստրուկ։ Մենք պետք է ընդօրինակենք այս վերաբերմունքը։

Պողոսը Գաղատացիներին ուղղված իր նամակում շարադրում է մի գեղեցիկ զուգահեռ պատկեր։

«Որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրնե՛ր։ Միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք իրար։ Որովհետև ամբողջ օրենքն այս մեկ խոսքի մեջ է կատարվում. «Քո ընկերոջը սիրի՛ր քո անձի պես»։

Գաղատացիներին 5:13-14

Այլ մարդկանց համար անհանգստանալն այն միջոցն է, որով մենք ազատում ենք մեզ մեր մարմնավոր բնությանն անձնատուր լինելուց կամ եսասիրությանը տրվելուց։ Մենք պետք է իրար սիրով ծառայենք։ Հավատում եմ, որ Սուրբ Հոգին այս օրերում շեշտ է դնում Աստծո ժողովրդի հանդեպ այս սիրող և անձնուրաց վերաբերմունքի վրա։ Շատերը խոսում են Տիրոջը ծառայելու մասին, սակայն երբեք չեն ծառայում իրենց հավատացյալ դրկիցներին։ Չգիտեմ, թե արդյոոք որքանով կարող ես ծառայել Տիրոջը, եթե երբեք չես կամենում ծառայել քո հավատացյալ եղբայրներին, որովհետև Տերը գալիս է մեզ մոտ Իր մարմնի անդամների միջոցով։ Մեր վերաբերմունքն այդ անդամների հանդեպ իրապես մեր վերաբերմունքն է Տիրոջ հանդեպ։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ սիրել մարդկանց։ Հռչակում եմ, որ ես ծառայում եմ իմ հավատացյալ դրկիցներին որպես Տիրոջը ծառայելու մի միջոց։ Ես զգույշ կլինեմ մարդկանց նկատմամբ։ Ամեն։