ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7. «ԵՐԿԱՐ, ԴԱՆԴԱՂ ՄՐՑԱՍՊԱՐԵԶ»

Համբերությամբ վազենք ասպարեզի ընթացքը

Երբ Եբրայեցիներին 12:1-ում ասում է. «Դեն գցենք ամեն ծանրություն», ապա մենք պետք է խորհենք մրցավազքի պայմաններին համապատասխան։ Վազորդը դատարկում է իր գրպանները և հագնում է ամենաթեթև և առաձգական հագուստը. նա մեկ գրամ անգամ ավելորդ ծանրություն չի վերցնում իր վրա։ Որոշ բաներ կան, որոնք իրականում մեղք չեն, սակայն դրանք ծանրություն են, որ կարող են մեզ համար բեռ լինել և մեզ հետ պահել։ Դրանք հյուծում են մեր ուժը կամ գայթակղում են մեզ՝ իրենց վրա չափազանց շատ ժամանակ կամ ուշադրություն ընծայելու։

Հիշե՛ք, որ սա պարզապես մի կարճ ակնթարթ չէ, այլ մի երկար ու դանդաղ մրցասպարեզ է։ Բնավորության առաջնային անհրաժեշտ հատկությունը համբերությունն է։ Շատերը իրենց քրիստոնեական կյանքը սրընթաց վազքով են սկսում։ Քիչ անց նրանք շնչակտուր հևում են մրցուղու մոտ. նրանք ավարտեցին, երբ դեռ նոր էին սկսել մրցուղին։ Ժողովող 9:11 իմաստուն նկատառում է անում. «Ընթացքը վազողներինը չէ, և ոչ էլ պատերազմը՝ քաջերինը»։ Հետևյալն է հաղթողի՝ Պողոսի վկայությունը.

«Բարի պատերազմը պատերազմեցին, ընթացքը կատարեցի, հավատը պահեցի, այսուհետև մնում է ինձ արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին Նրա հայտնությունը»։

2-րդ Տիմոթեոս 4:7-8

Պողոսը գիտեր, որ հաղթել է մրցասպարեզը։Նա կատարել էր ընթացքը և գիտեր, որ իրեն մրցանակ է սպասվում։ Սա փառավոր վկայություն է։ Այն կարող է լինել նաև իմ և քո վկայությունը, եթե միայն կատարենք պայմանները։

Ոչ թե արագությունն ու քաջությունը, այլ համբերությունն է կարևոր։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Դու օգնում ես ինձ «ձգտելու»։ Հռչակում եմ, որ ես «դեն եմ գցում ամեն ծանրություն»՝ պատրաստվելով ավարտին հասցնել մի երկար ու դանդաղ մրցասպարեզ։ Ես համբերությամբ կվազեմ ասպարեզի ընթացքը։ Ամեն։