ՓԵՏՐՎԱՐԻ 12. «ՆԵՐԲՆԱԿ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ»

Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։

Անհատականության ամենաբնորոշ հատկանիշը խոսելու կարողությունն է։ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին իջավ երկնքից, Նա ուրիշ լեզուներով խոսեց (Գործք Առաքելոց 2:4) աշակերտների միջոցով։ Սրանով ցույց տվեց, որ Նա, որպես անձ, եկել է բնակություն անելու երկրի վրա։ Նա այժմ մշտապես աստվածության ներկայացուցիչն է երկրի վրա։

Պենտեկոստեից սկսած ամեն անգամ Սուրբ Հոգին գալիս է որպես անձ Իր բնակությունը հաստատելու հավատացյալի մարմնի մեջ և համապատասխանաբար Նա պետք է դրսևորի Իր ներկայությունը` հավատացյալի միջից խոսելով նոր լեզվով, որը գերբնականորեն փոխանցվում է վերջինիս մեջ։ Արդյունքում Նա ասում է. «Հիմա դու գիտես, որ ես այստեղ եմ որպես Անձ՝ բնակվելու քո մարմնի մեջ»։

Այս պատճառով 1-ին Կորնթացիների 6։19-ում Պողոսն ասում է. «Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք»։ Նա շեշտում է, որ լեզուներով աղոթելը պարզապես մի կարճ, գերբնական փորձառություն չէ, ավելին, այն Աստծո կողմից շնորհած պարգևի մի նշան է, որը խոսում է այն մասին, որ Սուրբ Հոգին, որպես Անձ, բնակություն է հաստատել հավատացյալի մարմնի մեջ՝ դրանով հանդերձ այն դարձնելով մի սուրբ տաճար։ Այս ճշմարտությունը յուրաքանչյուր հավատացյալի վրա կարևոր պարտականություն է դնում՝ իր մարմինն Աստծո տաճարին համապատասխան սրբությունը պահպանելու համար։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան և Քո Սուրբ Հոգու աշխատանքի համար։ Ես հռչակում եմ, որ իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։