ՄԱՐՏԻ 6. «ԱԶԱՏ ՏԱՌԱՊԱՆՔԻՑ»

Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։

Մի քանի տարի, մինչ ես Լոնդոնում հովիվ էի, սարսափելի ձևով պայքարում էի դեպրեսիայի դեմ, որը կարող էր գալ` ծանրանալով ինձ վրա և ինձ պարփակելով իմ մեջ։ Այն ինձ անհուսության և ձախողումի զգացողություն էր տալիս։ Միգուցե ձեզ ծանոթ լինի այս ապրումը։ Ես պայքարում էի այս իրավիճակի դեմ ինձ հայտնի բոլոր ճանապարհներով, սակայն ոչ մի հաջողության չէի հասնում։ Այնուհետև ես կարդացի Եսայա 61:3-րդ խոսքը. «Սիոնի սգավորների համար որոշելու, որ նրանց տրվի… գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ (անգլ.՝ ծանրության հոգու փոխարեն)»։

Երբ ես կարդացի այս խոսքերը, Սուրբ Հոգին ինձ ցույց տվեց. «Ահա հենց սա էլ քո խնդիրն է»։ Դա լույսի մի հեղեղի պես էր, որ գալիս էր ինձ վրա։ Ես գիտակցեցի, որ պայքարում եմ ոչ թե ինքս ինձ դեմ, այլ մեկ ուրիշ արարածի դեմ՝ մի չար ոգու դեմ, որը տանջում և ճնշում էր ինձ։ Երբ գիտակցեցի դա, ես արդեն 80 տոկոսով գտնվում էի հաղթանակի ճանապարհին։ Ես իրականում կարիք ունեի ևս մեկ այլ խոսքի Աստվածաշնչից. «Ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կփրկվի»։

Աստվածաշնչյան այս երկու համարները կողք կողքի դնելով՝ ես աղոթեցի. «Աստվա՛ծ, Դու ինձ ցույց ես տվել, որ ես ծանրության ոգու ճնշման տակ եմ գտնվում։ Ես այժմ գալիս եմ Քեզ մոտ՝ կանչելով Տեր Հիսուսի անունը։ Ազատագրի՛ր ինձ»։ Նա ազատ արձակեց ինձ այդ ճնշող ոգուց։

Այժմ ինձանից էր կախված վերածրագրավորելու իմ միտքը։ Ինձ մոտ սովորություն էին դարձել վատ մտքերի օրինակները, որոնք Աստված ցույց տվեց ինձ, որ պետք է մերժվեն Հիսուսի հանդեպ ունեցած իմ հավատքի միջոցով։ Ինձանից էր կախված իմ մտքի նորոգությունը։ Այդ բանից հետո, տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ որևէ բացասական, վատատեսական միտք էր գալիս ինձ, ես մերժում էի դրանք՝ դրանց փոխարեն իմ մեջ տեղադրելով մի դրական դավանություն Աստվածաշնչից։ Մի քանի տարի անց իմ ողջ ներաշխարհն ամբողջովին փոխվեց։ Ես ամբողջովին այլ անձնավորություն դարձա։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես հռչակում եմ, որ ազատագրված եմ բոլոր տանջանքներից և որ իմ մարմնի անդամները արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։