ՄԱՐՏԻ 28. «ԿՈՏՐՎԱԾ ՍՐՏԵՐԻ ԲԺԻՇԿԸ»

Տերը չի լքի Իր ժողովրդին։

 

Սաղմոս 147:2-3-ում մենք կարդում ենք. «Տերը շինում է Երուսաղեմը և հավաքում է Իսրայելի ցրվածներին։ Նա բժշկում է սրտով կոտրվածներին և փաթաթում՝ նրանց խոցերը»։

Սրանք հիանալի խոսքեր են, սակայն այս խոսքերի մեջ ամենաոգևորիչն այն է, որ սրանք ի կատար են ածվում մեր սերնդի ժամանակ՝ մեր օրերում։

Ես տեսել եմ այս խոսքերի իրականացումը։ Կրկին պետք է ասեմ, որ արտոնություն եմ ունեցել ապրել հրեական Երուսաղեմում 1948 թվականի մայիսին, երբ երկու հազար տարի անց վերածնվեց Իսրայել պետությունը։ Այսօր Տերը շինում է Երուսաղեմը։ Նա հավաքում է Իսրայելի գերիներին։ Նա բժշկում է կոտրված սիրտ ունեցողներին և կապում է վերքերը։

Սա բարի լուր է նրանց համար, ովքեր դարձի կգան դեպի Տերը։ Սա բարի լուր է Աստծո ժողովրդի՝ Իսրայելի համար։ Սա նաև բարի լուր է Հիսուս Քրիստոսի եկեղեցու համար, որովհետև նույն Աստված, ով վերադարձնում է Իսրայելին, վերադարձնում է նաև եկեղեցուն դեպի Իրեն՝ մեզ բերելով մեր ժառանգության մեջ, բժշկելով մեր խոցերը և կապելով մեր սրտերի վերքերը։

Սուրբ Հոգու մի շատ կաևոր ծառայություն կա, որը շատ հատուկ է՝ ծառայություն կոտրված սիրտ ունեցողներին։ Այս ծառայությունն ուղղված է նրանց, ում սրտերը վիրավոր են։ Եթե դուք ձեր մեջ մի վերք եք կրում, շրջվե՛ք Աստծուն և ասացե՛ք. «Աստվա՛ծ, սա վերականգնման ժամանակ է։ Վերադառնալու ժամանակն է։ Դու բժշկում ես կոտրած սրտերը։ Դու բժշկում ես վերքերը։ Տե՛ր, Դու գիտես այն վերքի մասին, որը ես այսքան երկար ժամանակ կրում եմ իմ սրտի մեջ։ Կբժշկե՞ս արդյոք ինձ»։

Այդ ժամանակ Աստծո անտեսանելի մատը՝ Սուրբ Հոգին, կթափանցի այնքան խորը, որտեղ ոչ մի վիրաբույժ չի կարող թափանցել և կդիպչի ձեր կյանքի վիրավոր ոլորտներին՝ բերելով բժշկություն և վերականգնում։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, որ դու նվիրված ես Իսրայելին։ Ես այժմ բարեխոսում եմ այդ ազգի համար։ Ես հռչակում եմ, որ այնպես, ինչպես Աստված է բժշկում Իսրայելի կոտրված սիրտ ունեցողներին և փաթաթում վերքերը, նմանապես էլ Նա բժշկություն և վերականգնում է բերում իմ կյանքի մեջ, որովհետև Տերը չի լքի Իր ժողովրդին։ Ամեն։