ԱՊՐԻԼԻ 24. «ՆՐԱ ՉԱՐՉԱՐԱՆՔԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Հիսուսը մահացավ մեր մահով, որ մենք ստանանք իր կյանքը

Եսայա 53-ը տալիս է Հիսուսի չարչարանքի մանրամասն մարգարեական նկարագրությունը` գրված դեպքի իրականացումից ավելի քան յոթ հարյուր տարի առաջ:

«Նա անիրավություն կրեց և չարչարվեց, բայց իր բերանը չբացեց, ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, և ինչպես մի մունջ մաքի` իր խուզողների առաջին, այնպես իր բերանը չբացավ: Կալանքից և դատապարտությունից վեր առնվեց, և նրա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել, որովհետև նա կտրվեց կենդանյաց երկրից, իր ժողովրդի մեղքի համար նա զարկվեց: Եվ ամբարիշտների հետ որոշվեց նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը, ըստ որում նա զրկողություն չէր արել, և խաբեություն չկար նրա բերանում»:

Եսայա 53:7-9

Այս մանրամասները ճշգրտությամբ կատարվեցին Հիսուսի չարչարանքի և մահվան ժամանակ: Նախ, ավետարանները մի քանի անգամ շեշտում են, որ Հիսուսը ոչ մի անգամ չփորձեց պատասխանել իրեն մեղադրողներին, արդարացնել ինքն իրեն կամ պաշտպանել իր գործը (օրինակ, տե՛ս` Մարկոս 15:3-5): Ոչ ճիշտ մեղադրանքը և անազնիվ փորձությունը տարան նրան մահվան, և «նա կտրվեց կենդանյաց երկրիցը»:

Նրա թաղման վերաբերյալ մանրամասները նույնպես զարմանալիորեն ճշգրիտ են. «ամբարիշտների հետ որոշվեց նրա գերեզմանը, բայց հարուստի հետ եղավ նա մեռած ժամանակը»: Հոգնակի թվից` «ամբարիշտների հետ», անցում ենք կատարում եզակի թվի` «հարուստի հետ»: Պատմության մեջ գտնում ենք, որ Հիսուսը թաղվելու համար իջեցվեց երկու ավազակների հետ, որոնք խաչվել էին նրա երկու կողմերում, բայց հետո նա թաղվեց մի հարուստ մարդու` արիմաթացի Հովսեփի գերեզմանում:

Եսայան մատնանշում է, որ Հիսուսը իր իսկ մեղքի կամ հանցանքի համար չմահացավ: Նա լիովին անմեղ էր, սակայն մահացավ հանցագործի մահով:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ դու չարչարվեցիր և մահացար ինձ համար. Հիսուսը մահացավ իմ մահը, որ ես ստանամ իր կյանքը: Ամեն: