ՄԱՅԻՍԻ 4. «ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԸ»

Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ

Սուրբ Հոգին «Աբրահամի օրհնության» (Գաղատացիներին 3:14) ամբողջ ժառանգության կառավարիչն է: Ծննդոց 24-ում գտնում ենք այս ճշմարտությունը պատկերող մի գեղեցիկ պատմություն: Պատմությունը պատմում է այն մասին, թե Աբրահամն ինչպես է իր որդու համար կին գտնում: Սա մի շատ հասարակ, բայց և գեղեցիկ առակ է` չորս գլխավոր կերպարներով. ահա նրանցից երեքը. Աբրահամը, ով ներկայացնում է Հայր Աստծուն, Իսահակը` Աբրահամի որդին, ով ներկայացնում է Աստծո միածին Որդուն` Հիսուսին, և Ռեբեկան` հարսը, ով ներկայացնում է եկեղեցին (Քրիստոսի հարսը): Կա ևս մեկ անհատ, ով, ինչ-որ իմաստով, գլխավոր կերպարն է: Այդ կերպարը ծառան է, ով ներկայացնում է Սուրբ Հոգուն: Եթե այս գլուխը կարդանք` այդ գործող անձանց ունենալով մեր մտքում, ապա գրեթե անսահման ճշմարտություններ կբացահայտվեն մեզ համար:

Ուշադրությու՛ն դարձրեք` գլխի սկզբում ասվում է, որ Աբրահամի ողջ ունեցվածքը ծառայի հսկողության տակ էր: Նա էր հայր Աբրահամի և որդի Իսահակի ամբողջ ստացվածքի կառավարիչը: Սա ճշմարիտ է նաև Սուրբ Հոգու վերաբերյալ: Նա է Աստծո ամբողջ ունեցվածքի կառավարիչը: Մենք Աստծո ժառանգորդներն ենք և Հիսուսի հետ բաժնեկից ժառանգորդները: Սակայն մեր ժառանգության կառավարիչը Սուրբ Հոգին է: Առանց Սուրբ Հոգու մենք չենք կարող ստանալ կամ վայելել մեր ժառանգությունը: Երբ Աստվածաշունչը խոսում է որպես Աբրահամի ժառանգորդներ` մեր ժառանգության մասին, դա հատկապես վերաբերում է Հոգու խոստումը ստանալուն, ով միակն է, որը կարող է բերել մեզ այն բոլոր օրհնությունների մեջ, որոնք մեր ժառանգությունն են: Աբրահամի օրհնությունը «ամեն բանում» է (Ծննդոց 24:1), սակայն օրհնության կառավարիչը Սուրբ Հոգին է: Սրանից էլ հետևում է Գաղատացիներին գրքում Պողոսի առանձնահատուկ մատնանշումը Հոգու խոստումը ստանալու վերաբերյալ:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ իմ ժառանգության կառավարիչը Սուրբ Հոգին է, և հավատքով ընդունում եմ Հոգու խոստումը` «Աբրահամի օրհնությունն ամեն բանում», որովհետև Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: