ՄԱՅԻՍԻ 22. «ՄԵՐԺՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ»

Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ

 

Հավատում եմ, որ մերժվածության առաջնային արդյունքը սեր ստանալու և տալու անկարողությունն է։ Մեզանից ոչ մեկը չի կարող սեր տալ, մինչև նախապես սեր չստանա։ Նոր Կտակարանում այս տեսակետն արտահայտել է Հովհաննեսը. նա գրում է. «Մենք սիրենք Նրան, որովհետև առաջ Նա սիրեց մեզ» (1-ին Հովհաննես 4:19): Չեմ հավատում, որ ինչ-որ մեկը կարող է սիրել, մինչև առաջ իրեն չսիրեն։ Ուրեմն, եթե անձնավորությունը երբեք սիրված չի եղել, ապա նա չի կարող սեր փոխանցել։

Մերժվածության երկրորդական արդյունքներն այն երեք հիմնական ձևերն են, որոնցով մարդիկ սովորաբար արձագանքում են մերժվածությանը. առաջին՝ անձնավորություն կա, որ նահանջում է, երկրորդ՝ անձնավորություն կա, ով դիմադրում է, երրորդ՝ անձնավորություն կա, ով հակահարված է տալիս։ Մերժվածությանն արձագանքելու այս երեք ձևերը մեկ ընդհանրություն ունեն. յուրաքանչյուրն իր էությամբ պաշտպանողական է և վիրավորանքը ծածկելու ինչ-որ մեթոդ է առջարկում։ Սրանցից և ոչ մեկը դրական լուծում չէ։ Աստված, այնուամենայնիվ, դրական լուծում ունի:

Եսայա 61:1-ում մի խոստում ենք գտնում, որն իրականացավ Հիսուս Մեսիայի գալով.

«Տեր Եհովայի հոգին ինձ վրա է, ըստ որում Տերն օծել է ինձ. նա ուղարկել է ինձ՝ աղքատներին ավետիք տալու, կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու, գերիներին ազատություն հրատարակելու և կապյալներին՝ արձակում»։

Այս խոստումը կատարելով՝ Աստված դեղամիջոց է տվել մերժվածության դեմ։ Այն մեզ է հասնում Հիսուսի և խաչի միջոցով։ Նույնիսկ նախքան արարչագործությունը Աստծո նպատակն այն էր, որ մենք դառնայինք Իր զավակները՝ Իր որդիներն ու դուստրերը։ Երբ Հիսուսը կրեց մեր մեղքն ու մերժվածությունը, նա մեր ընդունելի լինելու ճանապարհը բացեց դեպի այն Մեկը, ում ընդունելությունը ճշմարտապես կարևոր է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ դուրս եմ գալիս մերժվածության արդյունքներից՝ փոխարենն ընդունելով այն դեղամիջոցը, որ Աստված պատրաստել է ինձ համար Հիսուս Մեսիայի միջոցով։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ես ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։