ՄԱՅԻՍԻ 26. «ԸՆԴՈՒՆԵ՛ՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»

Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ

 

Հավատքի քայլ անելով՝ դու պետք է հավատաս նրան, ինչ Աստված ասում է Աստվածաշնչում. դու ընդունելի ես Քրիստոսի մեջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստծո հավիտենական նպատակը մեզ Իր զավակները դարձնելն է, և Նա իրականացրեց այս նպատակը՝ այն հնարավոր դարձնելով խաչի վրա հանուն մեզ Հիսուսի մահվամբ (տես՝ Եփեսացիներին 1:4-6)։ Երբ Հիսուսի միջոցով ես մոտենում Աստծուն, Նա ընդունում է քեզ։ Նա երեսը չի դարձնի քեզանից։

Դեպի ընդունելություն այս քայլն անելու համար դու պետք է ընդունես ինքդ քեզ։ Շատ անգամ մեզ համար ամենադժվարը սա անելն է։ Մենք հետ ենք նայում մի շարք ձախողումներին և սխալ սկիզբներին, որոնց պատճառով գուցե անհաջողություն ենք բերել մարդկանց։ Հավանաբար ինքդ քեզ «անհաջողակ» ես համարում, սակայն Աստված քեզ անվանում է՝ «Իմ որդին» և «Իմ դուստրը»։ Մենք պետք է ընդունենք ինքներս մեզ, քանի որ Աստված է մեզ ընդունել։

Երբ Հիսուսի միջոցով մոտենում ես Աստծուն, դու արդեն նոր արարած ես.«Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է. հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Բայց այն ամենն Աստծուց է, որ մեզ Իր հետ հաշտեցրեց Հիսուս Քրիստոսի միջոցով» (2-րդ Կորնթացիներին 5:17-18)։ Դա է նոր արարածը։ Ինքդ քո մասին մի՛ մտածիր այն կերպ, ինչպիսին էիր Քրիստոսին գալուց առաջ, քանի որ դու արդեն նոր ստեղծագործություն ես։

Եկե՛ք միասին աղոթենք. «Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ, որ Հիսուսին՝ Քո Որդուն, տվեցիր ինձ համար։ Շնորհակալ եմ, որ նա կրեց իմ մեղքերը, վերցրեց իմ մերժվածությունը և վճարեց իմ տուգանքը։ Եվ քանի որ Քեզ եմ գալիս նրա միջոցով, ես մերժված չեմ, անցանկալի ու արտաքսված չեմ։ Դու իսկապես սիրում ես ինձ։ Ես իսկապես Քո զավակն եմ։ Դու իսկապես իմ Հայրն ես։ Ես պատկանում եմ Քո ընտանիքին։ Երկինքն իմ տունն է։ Շնորհակալությու՜ն, ի՛մ Աստված, ամեն»։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հավատում եմ այն ամենին, ինչ Աստված է ասում, այն, որ ես ընդունելի եմ Քրիստոսով և ես նույնպես ընդունում եմ ինքս ինձ։ Ես հռչակում եմ, որ Հիսուսը կրեց իմ մերժվածությունը, որ ընդունելի լինեմ Հոր մոտ։ Ամեն։