ՀՈՒՆԻՍԻ 1. «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐՉԻ ՀԵՏ»

Հիսուսը մահացավ, որպեսզի մենք հավիտյան միանանք Աստծուն

 

1-ին Թեսաղոնիկեցիներին 5:23-ում Պողոսն այսպես է աղոթում. «Եվ Ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր բոլոր հոգին և շունչը և մարմինը անարատ պահվի»։

Այստեղ Պողոսը նշում է երեք տարրեր, որոնք միասին կազմում են ամբողջական մարդկային էակ, և որոնք նա թվարկում է նվազման կարգով՝ բարձրից դեպի ցածրը. առաջին՝ հոգի, երկրորդ՝ շունչ, երրորդ՝ մարմին։

Հոգին մարդու այն բաղկացուցիչ մասն է, որը արարչագործության ժամանակ Աստված ուղղակիորեն փչեց մարդու մեջ։ Հետևաբար, այն ունակ է Արարչի հետ ուղղակի միության ու հաղորդության։ 1-ին Կորնթացիներին 6:17-ում Պողոսն ասաց. «Նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է նրա հետ»։ Ճիշտ չի լինի ասել «մեկ շունչ է նրա հետ»։

Միայն մարդու հոգին է ընդունակ Աստծո հետ ուղղակի միության։ Արարչագործության բուն նպատակի համաձայն հոգին հարաբերվում էր դեպի վեր Աստծո՝ իր Արարչի հետ և դեպի վար՝ իր շնչի հետ։ Աստված ուղղակի կերպով հաղորդակցվում էր մարդու հոգու հետ և վերջինիս միջոցով՝ նրա շնչի հետ։ Հոգին ու շունչը միասին արտահայտվում են մարմնի միջոցով։

Թույլ տվեք ձեզ ներկայացնել հոգու, շնչի և մարմնի գործունեության երեք սահմանումներ, որոնք պարզունակ են բայց և օգտակար։ Հոգին աստվածճանաչողությունն է։ Շունչը ինքնաճանաչողությունն է։ Մամինը աշխարհճանաչողությունն է։ Հոգու միջոցով մենք գիտակցում ենք Աստծուն։ Մեր շնչի ոլորտում գիտակցում ենք ինքներս մեզ։ Իսկ մեր մարմնի և զգայարանների միջոցով հաղորդակցվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ։

Երբ մարդու հոգին վերամիավորվում է Աստծո հետ, այն կրկին վառվում է՝ ճրագ դառնալու համար։ Սուրբ Հոգին գալիս և լցնում է ճրագը՝ լույս սփռելով մարդու ամբողջ ներքին էության վրա։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ ես ուղղակի միություն և հաղորդություն ունեմ Արարչի հետ, որովհետև Հիսուսը մահացավ, որպեսզի ես հավիտյան միանամ Աստծուն։ Ամեն։