ՀՈՒՆԻՍԻ 10. «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆԸ»

Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից

Ծովափնյա քաղաքում մի տղա էր ապրում։ Նա հմուտ և խելացի փորագրիչ էր և իր համար փայտից մի փոքրիկ նավակ պատրաստեց։ Երբ տղան նավակը դրեց ալիքների վրա, այն իրոք սկսեց լողալ։ Մի օր նա իջավ ծովափ և իր նավակը դրեց ծովափի ալիքներին, սակայն մակընթացությունը փոխվեց և իր նավակը քշեց դեպի ծովի խորքերը, իսկ ինքը չկարողացավ հետ բերել այն։ Այսպիսով նա տուն վերադարձավ առանց իր նավակի։

Երբ քամին և մակընթացությունը կրկին փոխվեցին, նավակը կրկին լողաց դեպի ափը։ Ծովափին քայլող մի մարդ գտավ նավակը, վերցրեց այն և տեսավ, որ գեղեցիկ գործ է։ Նա նավակը տարավ տեղի խանութներից մեկը և վաճառեց։ Խանութպանը մաքրեց նավակը և դրեց պատուհանի ցուցափեղկին և վրան ամրացրեց գինը՝ երեսունհինգ դոլար։

Որոշ ժամանակ անց տղան անցնում էր խանութի մոտով և ցուցափեղկից ներս նայելով՝ տեսավ իր նավակը, որը վաճառվում էր երեսունհինգ դոլարով։ Նա գիտեր, որ, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր կարող ապացուցել, որ նավակն իրենն էր։ Եթե նա ուզում էր իր նավակը, ապա միայն մեկ ճանապարհ կար. հետ գնել այն։

Նա գործի անցավ՝ կատարելով տարբեր աշխատանքներ, որպեսզի վաստակի իր նավակի գումարը։ Հենց որ հավաքեց ամբողջ գումարը, գնաց խանութ և ասաց. «Ես ուզում եմ գնել այս նավակը»։ Նա վճարեց գումարը, և երբ նավակն իր ձեռքերում էր, դուրս եկավ խանութից ու կանգ առավ մայթեզրին։ Տղան նավակը սեղմեց իր կրծքին և ասաց. «Հիմա դու իմն ես։ Ես պատրաստեցի քեզ և գնեցի քեզ»։

Սա է փրկությունը։ Նախ Տերը ստեղծեց մեզ, սակայն մենք հայտնվեցինք սատանայի ստրկական շուկայում։ Հետո Նա գնեց մեզ։ Մենք կրկնակի Նրանն ենք։ Հասկանու՞մ ես, թե որքան արժեքավոր ես Տիրոջ համար։ Մի պահ քեզ պատկերացրու՛ այդ նավակի փոխարեն։ Գուցե դու քեզ անբավարար և անարժան ես համարում։ Կասկածում ես, որ Աստված հետաքրքրված է քեզանով։ Ուղղակի փորձի՛ր հավատալ, որ դու այդ նավակն ես Տիրոջ ձեռքերում, և Նա ասում է քեզ. «Հիմա դու Ի՛մն ես։ Ես ստեղծեցի քեզ, և Ես գնեցի քեզ։ Դու իմ սեփականությու՛նն ես. դու ամբողջությամբ Ի՛մն ես»։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, քո ներման համար։ Հռչակում եմ, որ ես Տիրոջ ձեռքերում եմ, և Նա ասել է, որ ես Իրենն եմ։ Նա ինձ ստեղծեց և գնեց։ Նա սիրում է ինձ և ես ամբողջովին Նրանն եմ։ Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից։ Ամեն։